Քաղաքապետարանն առաջարկում է առգրավել փողոցում չթույլատրված առեւտուր անողների ապրանքը, կիրառել էլեկտրոնային քարտեր

Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ ապօրինի փողոցային առեւտուր իրականացնողների ապրանքը կարող է առգրավվել։

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվել են շրջիկ եւ շարժական առեւտուրը կարգավորող մի շարք փոփոխություններ, ինչպես նաեւ օրենքի խախտման դեպքում սանկցիաների կիրառմանը վերաբերող դրույթներ: Համապատասխան օրինագծի փաթեթը քաղաքապետարանն արդեն ուղարկել է Ազգային ժողով: 

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանը դեռեւս չունի փողոցային առեւտրով զբաղվողների ապրանքն առգրավելու իրավունք: Որոշ դեպքերում կարող են առգրավել, եթե սանիտարական խնդիրներ կան: 

Ըստ խոսնակի՝ առաջարկվող փոփոխությունները հստակ կանոնակարգեր կմտցնեն, շարժական առեւտրի կետերի դեպքում նաեւ կլինի ժամային սահմանափակում: Այսինքն՝ ժամային գրաֆիկ կառաջարկվի տնտեսվարողներին, որ նրանք այս ժամից այն ժամը կարող են փողոցում վաճառել իրենց ապրանքը: Տնտեսվարողները նաեւ կարող են ընտրել առեւտրի վայրը: Նրանց կտրվի էլեկտրոնային քարտեր, որոնց միջոցով կկարողանան ընտրել այն վայրը, որն իրենց հարմար է տվյալ օրվա տվյալ ժամին:

Տնտեսվարողը հնարավորություն կունենա իր շարժական խանութը կամ սննդի կետը որոշակի օրերի տեղափոխել մեկ այլ վայր՝ ըստ պահանջարկի եւ ըստ նպատակահարմարության: Սակայն սրա հետ մեկտեղ նրան շարժական խանութի արտաքին ձեւի ու չափի պահանջներ կներկայացվեն:

«Կան, չակերտավոր ասած՝ առեւտրի կետեր, որոնք անվադողերի վրա են, փողոցի վրա են, բայց դրանք փաստացի անշարժ են, որովհետեւ ամիսներ, անգամ տարիներ շարունակ կանգնած մնում են նույն տեղում, զբաղեցնում՝ նույն տեղը: Քաղաքային իշխանությունը հիմա պայքարում է ապօրինի կրպակների բազմության հետ: Շարժական առեւտրի անվան տակ ունենք կրպակներ փողոցների մայթերի վրա, ընդ որում՝ երթեւեկելի գոտում, ինչն անհարմարություն է պատճառում»,- նկատեց Հակոբ Կարապետյանը:

Չնայած քաղաքապետարանի աշխատակիցների շրջայցերին եւ բազմաթիվ հորդորներին՝ առաջին դեպքը չէ, երբ իրավասու պաշտոնյայի հորդորից հետո առեւտրականները որոշ ժամանակով հեռանում են մայթերից՝ քիչ անց վերադառնալու վճռականությամբ: Ուստի տեւական պայքարից հետո Երեւանի քաղաքապետարանը եկել է այն համոզման, որ փողոցային առեւտուրը վերացնելու համար պետք է խստացնել սանկցիաները:

Աղբյուր՝ armtimes.com

Այս թեմայով
am