«Կան ինստիտուտներ, կան արժեքներ, որոնց վրայով չի կարելի անցնել». Արթուր Ղազինյան

Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը դեռևս շարունակվում է մնալ լարված:

Meganews.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ:

«Հայաստանում շատ է ամեն ինչ անձնավորվում: Սկզբնական փուլում փորձում են թիրախավորել անձին, ապա նրա նկատմամբ սկսվում է  քրեական հետապնդում կամ քաղաքական ճնշումներ: Դա մեծ ծրագիր է, որը օգտագործվում է քաղաքական հակառակորդներից ազատվելու, նրանց վարկաբեկելու, քաղաքական ասպարեզից հեռացնելու համար: Այս առումով արդեն երկար ժամանակ է Հրայր Թովմասյանն է հայտնվել թիրախում: Իմ խորին համոզմամբ խնդիրը Սահմանադրական դատարանի գործունեությունն իշխանության համար առավել կանխատեսելի դարձնելն է, որպեսզի հանկարծ չարվի այնպիսի գործողություն, որը չի տեղավորվում իշխանության տրամաբանության և ցանկությունների մեջ»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Ըստ նրա՝ այն ինչ կատարվում է Հայաստանում չի կարող ժողովրդավարական համարվել, քանի որ աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրում քրեական հետապնդում չի հարուցվի Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ:

«Կան ինստիտուտներ, կան արժեքներ, որոնց վրայով չի կարելի անցնել: Հրայր Թովմասյանի անձը թողնենք մի կողմ, փաստացի քրեական գործ է հարուցվում Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ: Դրա հետևանքը հասարակության մեջ այդ կառույցի նկատմամբ վստահության, հարգանքի, հեղինակության անկումն է: Այստեղ կարևորը Հրայր Թովմասյանի անձը չէ, այլ՝ ինստիտուցիոնալ կայունությունն է և պետական մարմինների միջև ներդաշնակ փոխգործակցությունը»,-նշեց Արթուր Ղազինյանը:

Խոսելով Հրայր Թովմասյանի այս պաշտոնին մնալ-չմնալու մասին, պարոն Ղազինյանը պատասխանեց, որ պայքարը դեռ շարունակվելու է և Սահմանադրական դատարանն ու Հրայր Թովմասյանը չեն նահանջելու:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am