Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա երկու զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մադինա գյուղից դեպի Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ գլորվելով  հայտնվել է ձորակում: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, 18-ամյա Գարիկ Հակոբյանը և 17-ամյա Արսեն Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Մովսես Խաչատրյանը, ում մարմինը հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա կիսամոխրացած վիճակում, տեղում մահացել է:

MegaNews.am-ը կապ հաստատեց «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից սրտաբան Վարդան Պողոսյանը տեղեկություն հաղորդեց տուժածների մասին:

«Երեք երիտասարդ է բերվել հիվանդանոց, նրանցից մեկը՝ 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, ծայրահեղ ծանր վիճակում: Մենք ամեն կերպ  փորձեցինք փրկել նրա կյանքը, բայց ցավոք չհաջողվեց: Մնացած երկու տուժածները վիրաբուժական բաժանմունքում են, նրանց  վիճակը միջին ծանրության է: Նրանցից մեկը կոտրվածքներ ունի, մյուսը՝ փափուկ հյուսվածքների սալջարդ»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am