Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը բոյկոտում է կառավարության որոշումը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու հաշմանդամների և տարեցների տուն-ինտերնատի աշխատակիցներն արդեն ստացել են աշխատանքից ազատման իրենց ծանուցագրերը: Ստացել, սակայն գործազուրկ դառնալու ապագայի հետ չեն համակերպվել: Ասում են պայքարելու են իրենց իրավունքների համար, քանի որ միանգամից փաստի առաջ են կանգնել: Այն, որ հաստատությունը լուծարվելու է, արդեն մի քանի ամիս իմացել են ընդամենը պտտվող խոսակցություններից: «Հաշմանդամների և տարեցների տուն-ինտերնատը պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց հաստատության տնօրեն Արմեն Սարուխանյանը: «Փաստորեն հիմնարկը կանգնեց փաստի առաջ, ճիշտ է, ինֆորմացիան, որ հնարավոր է նման բան լիներ, կար հուլիսից, սակայն ավելի շատ լուրերի տեսքով էր, այսինքն պաշտոնականն այսպես պետք է լիներ, որ լինեին քննարկումներ, մոտեցումներ, առաջարկներ, որևէ նմանատիպ բան չի եղել, եղել է ընդամենը ամիսը մեկ՝ մեկ նախադասություն, որ կարող է լինել էսպիսի բան: Երեկ փոխնախարարը, աշխատակազմի վարչության պետը և խորհրդականը ժամանեցին հիմնարկ: Մենք հույս ունեինք, որ կունենան բացատրություններ, առաջարկներ, խնդիրների քննարկում, բայց ոչ, դրա փոխարեն որոշման տեքստ ստացանք, որ լուծարվելու է: Ճիշտ է, եղան հավաստիացումներ, որ աշխատակիցների զգալի մասը կպահպանեն իրենց աշխատանքը նոր կառույցում, այսինքն կունենան արտոնություն աշխատանքի ընդունվելիս: Թոշակառուները միանշանական կզրկվեն աշխատանքից, վարչական մասի աշխատակիցները նույնպես, և դա առաջացրեց հիմնավոր բողոք, թե ինչու՞ է նման գլոբալ փոփոխությունը սկսվում հենց Գյումրիից»,- ասաց Արմեն Սարուխանյանը: Լուծարումից հետո կառույցն ու շահառուները կմնան տեղում, ՊՈԱԿ-ը կվերանա: Նույն ծառայությունը կառավարության որոշման համաձայն, կմատուցի որևէ հասարակական կազմակերպություն: Թե որ կազմակերպության մասին է խոսքը, տուն-ինտերնատի տնօրենը չգիտի, սակայն հիմնավոր տեղեկություններ ունի, որ խոսքը Կարմիր Խաչի մասին է: Թե ինչու է նման որոշում կայացվել, Գյումրիում չգիտեն: Այնպես էլ չէ, որ այդ քայլով պետությունը խնայողության է գնացել: Գումարը, որը մշտապես տրամադրվել է տուն-ինտերնատին, նույնությամբ նախատեսում է, որ տրամադրելու է ծառայությունները մատուցող կազմակերպությանը: «Էստեղ կոլեկտիվի կողմից առաջարկ եղավ, որ լինեն մի քիչ արդարացի, կա ծրագիր, լավ: Տալ ժամանակ և հնարավորություն, որ հենց կոլեկտիվը բացի ՀԿ, գտնի հովանավոր և մասնակցի մրցույթին: Բայց պատասխանեցին, որ հուլիսից գիտեիք, անեիք: Այսինքն հուլիսի ասեկոսները մարդկանց ներկայացվում են որպես իրազեկման փաստ: Կոլեկտիվը չստորագրեց ծանուցագիրը, պահանջեցին շահագրգիռ մարդկանց գալ և ներկայացնել խնդիրը, ի վերջո մենք չենք պահանջում չեղարկել որոշումը, արդարացի մեր դերն ունենալու պահանջ ենք ներկայացնում: Փաստի առաջ պետք չէր կանգնեցնել, այլ մեզ էլ տային հնարավորություն բացել ՀԿ, մասնակցել մրցույթին:

Կարող է և ստացվում էր: Էստեղ մեր խնդիրն այն է, որ կարելի էր մոդելը ստեղծել, ցույց տալ էֆեկտիվությունը, նոր անցնել նման քայլի»,- իրավիճակը վրդովված բացատրեց տուն-ինտերնատի տնօրենը: Հաստատությունը ներկա պահին 71 աշխատակից, և 156 շահառու ունի: Երկու կողմում էլ խուճապ է: Աշխատակիցները բոյկոտի մեջ են, շահառուների մասը հացադուլով է սպառնում: Չեն ուզում, որ իրենց խնամողները փոխվեն: «Մի մասն ուզում են դուրս գալ հաստատությունից, մարդիկ կան հացադուլի որոշում են կայացրել, իրենք էլ չեն պատկերացնում այլ մարդկանց հետ իրենց խնամքը: Տարիների ընթացքում կոնֆլիկտների միջով անցել, մերվել, հարմարվել, իրար հասկացել են»,- ասաց տնօրենը:

Նման որոշումն, ըստ տնօրեն Արմեն Սարուխանյանի, մեկնաբանվել է հետևյալ կերպ. կազմակերպությունը, որը ստանձնելու է Գյումրու հաշմանդամների և ծերերի տուն-ինտերնատի ծառայությունների մատուցումը, պատրաստ է մեծ ներդրումների: «Բայց, եթե այդքան բարեգործ կառույց է, որը տառապում է մեր տարեցների համար, թող հենց այնպես ներդնի այդ գումարը, եթե այլ ակնկալիքներ չունի, թող անի: Պարտադիր չէր, որ դրա համար կառուցվածքային և կազմակերպչական փոփոխություն լիներ: Հիմա ձևակերպումն արվում է այսպես. ամեն ինչ՝ շահառուների կյանքի որակը բարձրացնելու և մատուցվող ծառայությունների սպեկտրը ընդլայնելու համար: Հիմա կա մի ուրիշ հարց, իսկ ո՞րն է սպեկտրը, ինչ ծառայությունների մասին է խոսքը, որը մինչ այժմ չի մատուցվել ՊՈԱԿ-ի կողմից, կամ եթե լավ չի մատուցվում, եկեք քննարկենք ավելի լավացնենք: Բայց ոչ, կա հետևյալ մոտեցումը՝ անում ենք, լավ ենք անում»,- զրույցը եզրափակեց հաստատության տնօրեն Արմեն Սարուխանյանն ու ավելացրեց կոլեկտիվին ասել եմ բոլոր որոշումներում իրենց կողքին եմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Այս թեմայով
am