Քաղաքապետարանի արձագանքը մանկապարտեզում երեխաներին աթոռին կապելու մասին ահազանգին

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է մանկապարտեզներից մեկում երեխաներին աթոռներին կապելու մասին ահազանգին: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիր ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունի հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս սեփական անվասայլակներով:

Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ: Այդ աթոռներից անհրաժեշտության դեպքում օգտվում են նաև նախաներառական խմբերում ընդգրկված գերակտիվ երեխաները: Յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, մանկավարժի երկու օգնական, ինչպես նաև՝ նեղ մասնագետները: Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ և փորձառու 18 տարբեր մասնագետից:

«Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» ԱԿ-ը: Պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը: Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երևանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր: Այնուհանդերձ, հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Այս թեմայով
am