Հայտնի է Արթուր Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը

Երբ հրաժարական ներկայացրեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը եւ հրապարակեց դրա պատճառների մասին իր հայտարարությունները, սկսեցին հրաժարականի հիմնական պատճառների վերաբերյալ տարատեսակ վարկածներ շրջանառվել:

Հիմա, երբ մեր աչքի առջեւ աննախադեպ ճնշումների է ենթարկվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, երբ քրեական հետապնդման ենթարկվեցին նրա սանիկները, երբ տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ ԱԱԾ հրավիրվեցին ՍԴ նախագահի տարեց եւ հիվանդ հայրն ու դուստրերը, պարզ դարձավ Արթուր Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը:

Արթուր Վանեցյանը տղամարդուն, իսկական սպային վայել է իրեն պահել, հրաժարվելով կատարել գործադիր իշխանության ղեկավարության այն հրամանները, որոնք մեր երկիրը տանում են դեպի բարոյական մեկ այլ հարթություն՝ շատ ավելի ցածր հարթություն:

ԱԱԾ արդեն նախկին ղեկավարն իր քայլով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնյան, ինչպիսին պետք է լինի սպան: Նա օրինակ ծառայեց մյուսներին, որ այնքան չիջնեն, որ քաղաքական այս ու այն նպատակներին հասնելու համար հոգեբանական ճնշման ենթարկեն տարեց մարդուն, նոր-նոր կյանք մտնող աղջիկներին:

Այսօրվա իրադարձություններից հետո, երբ ԱԱԾ-ում հարցաքննվում էին Թովմասյանի աղջիկները, երբ հարցաքննության ժամանակ վատթարացել է Թովմասյանի հոր առողջական վիճակը, հասկանալի է դառնում, թե ինչից է հրաժարվել, եւ փորձել իշխանությանը հետ պահել Արթուր Վանեցյանը: Նրա կանգ առեք կոչը հաստատ վերաբերում էր նաեւ այս քայլերին:

Այսպիսով, արդեն իսկ հայտնի է Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը: Բացառված չէ, որ առաջիկայում պարզ դառնան նաեւ մնացածները: 

Վարդան Մխիթարյան

 

Այս թեմայով
am