Հայաստանում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է․ Դանիել Իոաննիսյան

ՀՀ-ում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է։ Այս մասին այսօր «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հայաստանում կուսակցությունների ինստիտուտ, ըստ էության, չկա: Կուսակցությունների հանդեպ վստահությունը 2-ից 5 %-ի միջակայքում է՝ համաձայն բավականին վստահելի սոցհարցումների։ Այս խորհրդարանի ֆունկցիան է լուծել այս կարեւոր խնդիրը, կերտել կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում: Եթե այս խորհրդարանը չհաջողի այս հարցում, ապա մենք, վախենամ, երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն ՀՀ-ում»,- ընդգծեց Իոաննիսյանը։

Նա նշեց, որ կուսակցությունների պետական ֆինանսավորումը պետք է ավելանա, որպեսզի այդ ինստիտուտը զարգանա․

«Մենք առաջարկում ենք Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ, որ այցելեն հարկային կամ այլ մարմին, կարողանան որոշել, թե իրենց հարկերից քանի տոկոսը ո՞ր կուսակցությանն ուղղվի։ Այս կարգավորմամբ մենք 3 խնդիր կլուծենք։ Առաջինը՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել եւ ազդել քաղաքականության վրա ոչ միայն փողոց փակելով կամ 5 տարին մեկ ընտրելու միջոցով։ Երկրորդը՝ ի վերջո կիմանանք, թե որ կուսակցությունը իրականում քանի՞ համակիր ունի, ոչ թե քանի ստորագրություն կհավաքի, այլ իրական համակիր, եւ եթե պազրվի գոնե հարյուր համակիր չունեն, ակսեցվի։ Եվ երրորդ՝ ամենակարեւոր արդյունքն այն է, որ կարգավորմամբ մենք դուրս կգանք կուսակցությունների ֆինանսավորման փակ շղթայից։ Թե՛ գործող, թե՛առաջարկվող մեխանիզմով կուսակցությանը ֆինանսավորելու համար պետք է այն վերջին ընտրություններին լավ արդյունք գրանցի, իսկ լավ արդյունք գրանցելու համար պետք է փող։ Փակ շղթա է ստացվում։ Այս մեխանիզմով մենք զարգացման հնարավորություն կտանք նաեւ այն կուսակցություններին, որոնք ԱԺ վերջին ընտրություններին չեն մասնակցել կամ նոր են ստեղծվել եւ ընտրությանը մասնակցել են, բայց բավական ձայներ չեն հավաքել»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների աշխատանքները համակարգող պատգամավոր Համազասպ Դանիելյանի պնդմանը, թե այս առաջարկը ռիսկեր է պարունակում, Դանիել Իոաննիսյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այս մեխանիզմը պետք է այսօր, նույնիսկ մեկ տարի առաջ էր պետք, իսկ հինգ-տասը տարի անց պետք չէ, որովհետեւ այդ ժամանակ կամ կունենանք կայացած կուսակցական համակարգ, կամ չենք ունենա համակարգ, եւ էական չի լինի, թե ինչ մեխանիզմ կսահմանենք։

Իոաննիսյանի համոզմամբ՝ ներկայացված հայեցակարգը չի արտահայտում հեղափոխության տրամաբանությունը եւ դրա պրոցեսների շարունակության էությունը, չի արտահայտում Հայաստանում ստեղծված իրականությունը․

«Այն, բնականաբար, կողջունվի միջազգային հանրության կողմից, որովհետեւ բավարարում է լավագույն փորձին, բայց այդ փորձն այն երկրների համար է, որոնց իրականությունն այլ է, որոնք դարեր շարունակ ստեղծել են կուսակցական համակարգ, ոչ թե խնդիր ունեն կարճ ժամկետում ստեղծել կուսակցական համակարգ։ Այս հայեցակարգը չի լուծի այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Իոաննիսյանը։

 

Աղբյուր՝ armtimes.com

Այս թեմայով
am