Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի  (ENQA) խորհրդի անդամ: 

ENQA խորհուրդը  կառույցի գործադիր  մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը և ընդհանուր վեհաժողովի որոշումների իրականացումը:  Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է  ENQA խորհրդում:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ այս ընտրությունը  նախ և առաջ վկայում  է եվրոպական կրթական համայնքի վստահությունը Հայաստանի և մեր երկրի որակի ապահովման համակարգի հանդեպ․ «Մեր որակի ապահովման համակարգը զարգացման այնպիսի փուլի է հասել, որ այլևս մենք կարող ենք մասնակից լինել եվրոպական կրթական տարածքում որոշումների կայացմանը»: 

Նրա խոսքով՝ գլխավոր վեհաժողովը քվեարկելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանի հավատարմագրման գործակալություններից առավել ակտիվը ՈԱԱԿ-ն է. այն համագործակցում է թե Մոնղոլիայի, թե Ղազախստանի, թե Վրաստանի, թե Ռուսաստանի հետ:

«Նրանք  այսօր փորձում են մեզ ավելի շատ ներգրավել  կառույցի գործունեությունում և մեր միջոցով լսել արևելյան ձայնը, որպեսզի ավելի վստահ լինեն իրենց որոշումներում, իսկ  այդ տարածքների հավատարմագրման կառույցներն էլ վստահ լինեն՝ իրենց վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնված  իրենց համատեքստը, որին մենք վարժ տիրապետում ենք»,- ասում է Ռ․ Թոփչյանը:

ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն  Լեմկա Իզմայլովայի կարծիքով՝ կարևոր է, որ Արևելյան Եվրոպան ի դեմս ՈԱԱԿ-ի և տնօրեն Ռուբեն Թոփչյանի ներկայացված է լինելու ENQA խորհրդում։ «Այժմ կարող ենք Արևմտյան Եվրոպային հասանելի դարձնել Արևելյան Եվրոպայի կրթական  համակարգի առանձնահատկություններն ու արժեքները»,- ասում է նա։ 

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հենց պարոն Թոփչյանն է ընտրվել խորհրդի անդամ։ «Պարոն Թոփչյանը տարիներ շարունակ առաջխաղացնում է հայաստանյան որակի ապահովման համակարգը միջազգային ասպարեզում։ Բացի այդ, հայաստանյան հավատարմագրման կազմակերպությունը կարողացել է արդյունավետորեն համադրել եվրոպական պահանջները և ազգային առանձնահատկությունները»,- ասում է նա 

«Հրաշալի է, որ մենք բոլորս աշխատում ենք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման միասնական  չափանիշներով և ուղենիշներով (ESG), սակայն միևնույն ժամանակ մենք չպետք է կորցնենք  մեր ազգային համակարգի արժեքավոր կողմերը»,- ասում է Իզմայլովան՝  հավելելով, որ  այդ հարցում լավ օրինակ է Հայաստանը։ 

Նշենք, որ հոկտեմբերի 17-18-ին Երևանում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որի օրակարգային հարցերից են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, որակի ապահովման ապագա միտումները, ENQA ռազմավարության մշակումը 2021-2025թթ. համար: Խորհրդի անդամների ընտրությունը ևս տեղի է ունեցել վեհաժողովի շրջանակներում։

 

Այս թեմայով
am