‹‹Գյուլբուդաղյանցի հրաժարականը նույնիսկ ուշացած էր››. Մենուա Մեհրաբյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, գրում է ՀՖՖ-ի կայքը:

MegaNews.am-ը Գյուլբուդաղյանցի հրաժարականի պատճառների, հավաքականի վերջին երկու անփառունակ հանդիպումների, հավանական նոր գլխավոր մարզչի նշանակման և այլ հարցերի շուրջ զրուցեց սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանի հետ:

-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ էր ճիշտ Գյուլբուդաղյանցի հրաժարականի որոշումը:

-Սպասելի ու սպասված էր Գյուլբուդաղյանցի հրաժարականը, նույնիսկ կարելի է ասել ուշացած: Սա բնական, ընդունված տարբերակ է, եթե մասնագետի առջև դրվում է խնդիր ընտրական մրցաշարից առաջ և առհասարակ յուրաքանչյուր առաջնությունից առաջ, և մարզիչը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրը, ապա բնականաբար պետք է հեռանա: Մեր դեպքում առավելևս. հաշվի առնելով ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը, բացառությամբ մեկ-երկու հանդիպումների, մյուս բոլոր խաղերում մենք այդպես էլ չտեսանք մարզչական որևէ ձեռագիր:

-Ըստ Ձեզ՝ հավաքականի վերջին երկու հանդիպումները հանդիսացան հրաժարական ներկայացնելու պատճառ, թե ընդհանուր ընտրական փուլի ընթացքում ցուցադրած արդյունքները:

-Վերջին երկու խաղերը մեծապես ազդեցություն ունեցան, քանի որ հանրության շրջանում կտրուկ ավելացան դժգոհությունները, բայց ես վստահ եմ, որ հրաժարականը ընդհանուր առմամբ կապված էր ընդհանուր ընտրական փուլի հետ: Գյուլբուդաղյանցն ինքը հասկացավ, որ չի կարողանում հավաքականին հասցնել մի մակարդակի, որը թույլ կտա դուրս գալ Եվրոպայի առաջնություն:  Եթե մասնագետը այդքանը գիտակցել է և հրաժարականի դիմում է ներկայացրել, ապա դա միայն կարելի է ողջունել: 

- Արդյոք հավաքականի մարզչական կազմում նույնպես պետք է փոփոխություններ իրականացնել:

-Ես կարծում եմ, որ մեր մարզչական կազմի մասնագետները չունեն մասնագիտական այն անհրաժեշտ որակները, որպեսզի աշխատեն ազգային հավաքականի հետ: Հիմա մարզչական շտաբում գտնվող մասնագետներին կարելի է տալ առաջին խմբի թիմեր, բարձրագույն խմբի վերջին հորիզոնականների թիմեր, բայց ոչ ազգային հավաքական:

-Ո՞ւմ եք տեսնում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

-Ես կցանկանայի երկու մարզիչ նշել, որոնցից մեկը ես գրեթե վստահ եմ, որ ի վիճակի է լուծելու ամենամեծ խնդիրները, խոսքը Աբրահամ Խաշմանյանի մասին է, և երկրորդ մասնագետը, ում կարելի է վստահել որոշ վերապահումներով Վարդան Բիչախչյանն է: Ես նաև մեկ թեկնածու ունեմ, չնայած հանրությունը դրան մի փոքր հումորով է վերաբերվում, բայց ես գրեթե վստահ եմ, որ կհաջողի նաև Ռոման Բերեզովսկին: Իսկ եթե մենք ցանկանում ենք ավելի մեծ խնդիրներ լուծել, ապա պետք է օտարերկրյա մարզիչ հրավիրենք:

-Տեսականորեն  մեր հավաքականը  Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ անցնելու շանսեր դեռ ունի: Ինչպե՞ս եք դուք կարծում:

-Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք միշտ տեսականորեն ինչ-որ հաշվարկներ ենք անում, երբեք իրատեսորեն չենք նայում ստեղծված վիճակին: Միայն հաշվարկներ անելով, լավատեսությամբ և հայրենասիրությամբ առաջնորդվել պետք չէ: Պետք է ուղղակի հաշվարկել՝ ինչ ունենք այսօր, սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած մարզչական կազմով: Անկեղծ կասեմ, հիմա չունենք հնարավորություն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ անցնելու:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am