Ինչպես խաբել ժողովրդին եւ արժանանալ նույն ժողովրդի ծափերին

Ներդրումներ չկան, այստեղ դատարակություն է: Ժողովրդավարական բարեփոխումներ չկան, այստեղ «1937» է, տնտեսական հեղափոխություն գոյություն չունի, բայց ժողովրդին պետք է ինչ-որ բան ներկայացվի: 

Խրոխտ կերպով հայտարարվեց, թե այսուհետ իռլանդական «Ryanair» ընկերությունը թռիչքներ է իրականացնելու դեպի Հռոմ, Միլան եւ Մյունխեն: Հայտարարվեց, թե տոմսերը շատ էժան են լինելու:

Հետո ֆեյսբուքում նույն այն մարդիկ, ֆեյքերը, որոնք միշտ նույն կամ գրեթե նույն մեկնաբանություններն են գրում, ոչխարի հոտի բառաչունի նման գրեցին, թե տեսեք սիրուն աղջիկ Տաթեւիկն ինչ արեց:

Իսկ ի՞նչ արեց: Ընդամենը համաձայնեց էժան թռիչքներ իրականացնող ավիաընկերության առաջադրած պայմաններին եւ համաձայնեց բյուջեի հաշվին փոխհատուցել օտարերկրյա ավիաընկերության ծախսերը: Յուրաքանչյուր ուղեւորի համար՝ մոտ 74 դոլար:

Էժան թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների հիմնական պայմաններից մեկն էլ այն է, որ իրենք ընտրում են էժան եւ փոքր օդանավակայաններ: Իշխանություններն ընտրեցին փոխհատուցելու տարբերակը: Եւ դա մատուցեցին որպես հերոսություն:

Եւ տպավորություն է, թե երեւանցիներն ու գյումրեցիներն ամիսը ամենաքիչը մեկ անգամ լինում են Մյունխենում կամ Բեռլինում, գուցե նաեւ Միլանում: Լավ, ենթադրենք ինչ-որ հրաշքով գյումրեցի Պողոսը կամ երեւանցի Պողոսը մուտքի վիզա ստացավ, հետո՞: Լավ, ասենք, մի հիսուն եվրո էլ հայթայթեց: Հետո՞: Ախր Միլանում կամ Մյունխենում հյուրանոցները թանկ են, շատ թանկ: Թանկ են նաեւ հոսթելները, թանկ է նաեւ սնունդը: 

Հարց. ինչո՞ւ են հրճվում նրանք, ովքեր երբեւէ Միլան չեն գնացել եւ չեն էլ գնալու: Պատասխան՝ որովհետեւ այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ժանրի կանոններով այդպես էլ պետք է լինի: Իսկ որ իրենց հաշվին հատուկ ընտրյալներն են մեկնելու Միլան, նրանց դա արդեն չի հետաքրքրում: 

Ահա այսպիսի տխուր պատմություն: 

 

Աղբյուր՝ Top-News.am

Այս թեմայով
am