Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Համաշխարհային ֆուտբոլի ամենակարեւոր հանդիպումներից մեկը՝ Սուպերկլասիկոն, հետաձգվել է: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները:  Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ-Մադրիդ» խաղը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին Բարսելոնայում՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, սակայն Կատալոնիայում հիմա զանգվածային ցույցեր ու անկարգություններ են:

Իրավիճակը բավական լարված է: Օրեր առաջ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ Իսպանիայից անջատվելու հանրաքվեի 2-րդ տարին նշելու, սակայն հայտնի դարձավ, որ Մադրիդն ազատազրկման է դատապարտել կատալոնցի մի շարք քաղաքական գործիչների, ինչը բորբոքել է իրավիճակը: Այս պայմաններում Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան ու Լա լիգան նպատակահարմար չեն համարում անցկացնել Կլասիկոն՝ հանդիպոմ, որն ավանդաբար ոչ միայն ֆուտբոլային է, այլեւ պայքար է Կատալոնիայի ու Մադրիդի միջեւ:

Թե երբ տեղի կունենա խաղը, դեռ հայտնի չէ: «Ռեալին» ու «Բարսելոնային» մինչեւ առաջիկա երկուշաբթի ժամանակ են տվել ինքնուրույն համաձայնության գալու համար: Եթե նրանք որոշում չկայացնեն, օրը կընտրի առաջնության ղեկավարությունը: Տարբեր ամսաթվեր են նշվում: Ամենահավանական տարբերակը համարվում էր դեկտեմբերի 18-ը, սակայն Լա լիգան համաձայն չէ, քանի որ կոմերցիոն տեսանկյունից չորեքշաբթին նման կարեւոր խաղի համար հարմար չէ: Առաջնության ղեկավարության տարբերակը դեկտեմբերի 7-ն է:

Ավելի վաղ ակումբներին առաջարկում էին առաջնության առաջին ու 2-րդ շրջանի հանդիպումների տեղերը փոխել. առաջին շրջանի խաղն անցկացնել Մադրիդում, 2-րդինը՝ Բարսելոնայում: Երկու ակումբներն էլ դեմ էին սրան ու երկուսն էլ պատրաստն էին հոկտեմբերի 26-ին «Կամպ նոոում» խաղալուն:

Այս թեմայով
am