Կոնստանտին Զատուլինը մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած այցից և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը պատմել է անցյալ շաբաթ Արցախ կատարած այցի մասին: РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում պատգամավորն ընդգծել է, որ իր այցելությունը երկրորդ հայկական հանրապետություն շատ դրական է եղել. «Շատ հուզումներ են եղել՝ կապված ոչ միայն քաղաքականության, այլև մարդկային ընկալման հետ»:

«Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, Զատուլինը ներկա է գտնվել նաև բերքահավաքի փառատոնին, որը Ստեփանակերտում կայացել է հոկտեմբերի 13-ին: «Տոնակատարությանը Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանները ներկայացրել էին իրենց արտադրանքը: Մենք նախագահ Բակո Սահակյանի հետ շրջել ենք բոլոր շարքերով: Շատ էին զգացողությունները, շատ էին բարի տպավորությունները»,- ասել է պատգամավորը, որին այցի շրջանակներում հանձնվել է ԼՂՀ բարձրագույն քաղաքացիական մրցանակը՝ Գրիգոր Լուսավորչի շքանշանը:

Զատուլինը պատմել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին:

«Ես իսկապես տեսել եմ Սերժ Սարգսյանին: Նա այդ օրերին Ղարաբաղում էր, և մենք միասին ուղևորվել ենք Ամարաս, որտեղ նա ֆինանսավորում է հնագույն հայկական վանական համալիրի վերակառուցումը: Մենք տարբեր թեմաներով գնահատականներ և մտքեր ենք փոխանակել»,- ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի հետ վաղուց է ծանոթ:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել ԱԳՆ՝ կապված Զատուլինի՝ Արցախ կատարած այցի հետ, որին արձագանքելով խորհրդարանականը վստահություն է հայտնել, որ խիղճն ու արդարությունը ժողովրդի՝ հանուն ինքնորոշման պայքարի կողմից են, և ինքը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չի տեսնում: 

Այս թեմայով
am