Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան

Նախօրեին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Թուրքական աղբյուրներն այդ հանգամանքը չեն շեշտում։

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անհրաժեշտ են համարել քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զինված ուժերի միջև Սիրիայի տարածքում բախում թույլ չտալու հարցում։ Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ։

Հեռախոսազրույցի մասին Կրեմլից արված հայտարարության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից չպետք է օգտվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բանտարկված անդամները, որոնք հսկվում էին քուրդ զինյալների կողմից։

Երկու նախագահները շեշտել են, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստել հոկտեմբերի վերջին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո սահմանադրական հանձնաժողովի նիստի գումարմանը։

Հայտնի է դարձել, որ Էրդողանը Պուտինի հրավերով առաջիկա օրերին աշխատանքային կմեկնի Ռուսաստան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս թեմայով
am