Զոհված ոստիկանը պետք է պարգեւատրվի, նա խիզախություն է գործել հանուն պետության. Ոստիկանապետի պաշտոնակատար

Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վիրավորում ստացած ոստիկանին այցելած ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյաը։

Արման Սարգսյանը լրագրողների խնդրանքով պատմեց դեպքի մանրամասները.  «Ոստիկանության ծառայողներն իր պարտականությունները կատարելիս տեսնում են կասկածելի անձանց, եւ երբ մոտեցել են նրանց, վերջիններս դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց, կարողացել են մեկին  բռնել, 2-րդը անսպասելի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի հատման խաչմերուկում մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա եւ փորձել ազատել իր բռնված ընկերոջը։ Որոշակի քաշքշուկի ընթացքում կարողացել է մեր ոստիկանի ատրճանակը պոկել եւ արձակել կրակոցներ»։

 

Ոստիկանապետը նշում է՝ ամենայն հավանականությամբ զոհված ոստիկանի կենսական օրգան է վնասվել, որովհետեւ մեկ կրակոց է արձակվել։

Նրա խոսքով՝ զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն «հաջողվել է պարզել ստահակների իքննությունը, վերջիններս մեզ մոտ են»։

«Իրավահարգ, օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, ոստիկանների օպերատիվ հոտառություն իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց»,–նշեց Արման Սարգսյանը։

Նա հավելեց, որ դեպքի վայրից 2 ոստիկանները հասցրել են կապ տալ իրենց գործընկերներին, արագ մոտեցել են իրենց, սակայն Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել։

Ոստիկանապետի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չի ունեցել, բայց զոհված ոստիկանի կենսաթոշակային տարիքի անցնելու տարիքը լրանալու էր։

Նա նաեւ հավաստիացրեց, որ զոհված ոստիկանի ընտանիքին օժանդակելու են. «Զոհված ոստիկանը ունի երեխաներ, եւ մենք պատրաստվում ենք պետության ողջ հնարավորության չափով օժանդակել մեր գործընկերոջը, մեր պարտքն է նաեւ փառաբանել նման անձանց, որ իրենց ընտանիքի անդամները եւ իր մյուս գործընկերները գիտակցեն, որ նա խիզախություն է գործել հանուն պետության եւ պետությունն էլ գնահատում  է նրանց վարքագիծը։ Պարտադիր պետք է պարգեւատրվի»։

Այս թեմայով
am