«Սանիթեքի» հիմքերը խարխուլ են, սակայն քաղաքապետարանը արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին չպետք է մատների արանքով նայի

«Սանիթեք» ընկերությունը վերջնական հայտարարեց՝ դիմում են արբիտրաժային դատարան։ Երեկ ընկերության տնօրինությունը տեղեկացրեց, որ «Սանիթեքը» սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Երևանի քաղաքապետարանն էլ՝ սկսած քաղաքապետ Հայկ Մարությանից, վերջացրած ավագանու անդամներով, մի քանի անգամ արդեն հայտարարել են, որ քաղաքապետարանն այս դեպքում «մտածելու բան չունի»։ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժամանակի»-ի հետ զրույցում անդրադառնալով «Սանիթեքի»՝ արբիտրաժ դիմելուն, նկատեց, որ թեև պետք է սպասել, որ ընկերությունը ներկայացնի արբիտրաժային դատարան դիմելու հիմքերը, ինչպես նաև պարզ դառնա՝ վարույթ կընդունվի՞ այդ բողոքը, թե՞ ոչ։

Ամեն դեպքում, եթե համադրենք այն փաստարկները, որը ներկայացնում էր «Սանիթեքը», ապա դա վերաբերելու է իր կատարած ներդրումների վնասմանը։ Մասնավորապես, մեքենաների վնասմանը և աղբամանների վնասմանը փողոցներում։ «Քանի որ քաղաքը պայմանագրային հստակ պարտավորություններ չուներ, որ աղբավայրը պետք է լիներ այս կամ այն տիպի, և «Սանիթեքը» շահագործումն իրականացրել է և մրցույթը հաղթել է այն պայմաններում, որոնք կան առ այսօր, ես գտնում եմ, որ արբիտրաժ դիմելու հիմքերը խարխուլ են։ Ամեն դեպքում քաղաքապետարանը պետք է պատրաստվի դրան, ուսումնասիրի հիմքերը, քանի որ, իմ ունեցած տեղեկություններով՝ դա իրականացվելու է Հայաստանի և Լիբանանի միջև եղած ներդրումների խրախուսման վերաբերյալ պայմանագրով, որում նշված է, որ վեճը կարող է քննվել կամ միջազգային տնտեսական դատարանում կամ արբիտրաժային դատարանում։ Երկուսն էլ բավականաչափ ծախսատար են լինելու, և կարծում եմ, որ քաղաքապետարանն այս գործընթացին չպետք է մատների արանքով նայի և պետք է շատ լավ պատրաստվի»,- ընդգծեց Խաժակյանը։ Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքերով՝ արբիտրաժային գործընթացը ցանկալի պրոցես չէ և չի կարելի ասել, որ նման պրոցեսները կարող են ազդել Հայաստանի ներդրումային գրավչության վրա։ Հայաստանում ներդրում կատարողը պետք է նայի վեճի էության վրա։ «Բայց ցանկալի է, որ Հայաստանը խուսափի նման գործընթացներից»,- եզրափակեց Խաժակյանը։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
 

Այս թեմայով
am