Եթե Արցախը Հայաստան է, ու վերջ, ստորագրեք՝ վերջանա. Կիրո Մանոյան

Եթե մարտավարական նպատակներով արված հայտարարություններն անընդհատ սկսում են կրկնել, դառնում է ռազմավարություն, նաև՝ ոչ արդյունավետ. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Երեսուն տարի է՝ ունենք այդ խնդիրը: Վարչապետ Փաշինյանն ասում է՝  խնդիրը պիտի կարգավորվի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համաձայնությամբ: Որպես մարտավարություն՝ այդ հայտարարությունը լավ է՝  բոլորը գոհ պիտի լինեն: Նրան էլ ոչ ոք չի հակադարձում: Հիմա պիտի ասի, թե այդ բանաձևն ի՞նչ է: Չկա այդպիսի բանաձև: Չենք ասում, որ ադրբեջանցիները պետք է կոտորվեն, Ադրբեջանը պիտի կոտորակվի (թե Ադրբեջանն էլ ո՞րն է, դա էլ հարց է): Փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մինչև այսօր հայկական կողմն է հաղթել, և ադրբեջանցիները դրա համար ուրախ կամ գոհ չեն կարող լինել: Բայց ադրբեջանցիներին, ընդհակառակը, պետք է համոզել, որ Արցախը երբեք էլ ձերը չի եղել, դուք ընդամենը սովետական շրջանում վայելել եք, չարաշահել եք Արցախի ամեն ինչը, իսկ Սովետական միության փլուզումից հետո արդեն մոռացե՛ք Արցախի մասին: Եվ  Հայաստանի վարչապետը՝ ով էլ որ լինի, ճիշտ կանի՝ հենց այդպես խոսի»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ այդ խնդիրը եղել է: «Հարցը՝ հայ-թուրքական, արցախյան, չէր կարգավորվելու, նպատակն այլ էր՝ որպես լավ, վստահելի գործընկեր ընկալվել: Հիմա էլ նույն խնդիրն է: Եթե բանաձև կա, թող ասի: Մեկ անգամ այս միտքը հայտարարեր՝ լավ, երկու անգամ՝ էլի լավ, բայց ամեն օր և ամեն առիթով հայտարարել չի կարելի: Որովհետև, ի վերջո, այդ հայտարարվածը պիտի ակնկալեն դրսինները, ադրբեջանցիները, թե՝ մենք էլ ուրախ կլինեինք: Իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահի ուրախությունը Արցախով չի վերջանալու, Երևանն էլ են ուզում»,- նշեց նա:  

Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն մշտապես առաջարկել է Արցախյան հարցը կարգավորել՝ Հայաստանի և Արցախի միջև երկկողմ ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրելով, նպաստելով Արցախի՝ միջազգային ճանաչմանը, և երբ Արցախը ճանաչված լինի գոնե 10 պետության կողմից, երկու անկախ, ճանաչված հանրապետությունների որոշմամբ՝ կմիավորվեն: «Մենք ունեցել ենք պահեր նախորդ իշխանությունների օրոք, երբ նախագահն ասել է՝ գիտե՞ք ինչ, եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը, պատերազմ կսկսվի: Ասել ենք՝ նման բաներ չի կարելի ասել: Պետության ղեկավարը պետք չունի աշխարհին դաս տալու՝ ինչ կլինի, եթե այսպես անենք կամ այնպես անենք: Թող 5, 8, 10 պետություն ճանաչեն, թող Արցախն ունենա ներկայացուցչություն՝  դիվանագիտական կարմիր պետհամարանիշով, թող լինի միջպետական փոխատվության-փոխառության պայմանագիր, թող նախագահներն իրար նախագահ ասեն, վարչապետերը՝ վարչապետ, ԱԺ նախագահները համագործակցության հանձնաժողովներ ստեղծեն, մեկ տարի չի տևի Արցախի Հանրապետության ճանաչումը և միացումը»,- նշեց նա:

Մանոյանն ընդգծեց, որ չի կարելի քաղաքական հաշվարկներով ասել բաներ, ստեղծել մթնոլորտ և այդ ուղղությամբ իրական քայլեր չանել: «Երբ ասում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, թող գործնական առումով ցույց տա դա: Գործնականը նրա համար միայն այն է, որ ընտրություններին ուղարկի դիտորդներ, որ այդ միջոցով ճնշումներ գործադրի: Արդեն Արցախում Հայաստանի բյուջեի հաշվին պահում է հարյուրավոր աշխատակիցներ, որոնք իբր  պիտի մոնիթորինգ անեն: Ինչո՞ւ մրցակցային չընտրվեցին այդ կազմակերպությունները. շատ հստակ է, որ քաղաքական նպատակներ կան: «Եթե Արցախը Հայաստան է, և վերջ»-ի նպատակն այն է, որ Երևանը պիտի որոշի, թե Արցախում ով ինչ քաղաքական ազդեցություն պիտի ունենա, դա՝ ուրիշ: Իսկ եթե, իրոք, Արցախը Հայաստան է, և վերջ, ստորագրենք՝ վերջանա, ինչի՞ չենք ստորագրում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Կիրո Մանոյանը հիշեցրեց Արցախի անկախացման պատմությունը: «Անկախությունն այս դեպքում ճանապարհ է, միջոց է. 1991-ին ինչ-ինչ պատճառներով պաշտոնական Ստեփանակերտի և պաշտոնական Երևանի հաշվարկները համընկան, և որոշվեց հռչակել անկախություն: Բայց բոլորն էլ հասկանում են, որ, ի վերջո, նպատակը միացումն է, բոլորն էլ հասկանում են Արցախի դրոշի ճերմակ աստիճանների խորհուրդը՝ այն աստիճանական միացման մասին է խոսում»,- ասաց նա:

Այս թեմայով
am