Ես դեմ եմ եղել ցանկացած ՍԴ փոփոխության. Վիտալի Բալասանյան

«Ես դեմ եմ եղել ցանկացած ՍԴ փոփոխության, երբ դա կհանգեցնի իշխանության վերարտադրության կամ շարունակության: Հիմա էլ եմ դեմ»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նրա խոսքերով` դա թուլացրել է Արցախի քաղաքական իշխանությունը:

«Երկրորդ ժամկետի լրանալուց հետո ևս երեք տարով անցումային շրջան է եղել, և այդ ժամանակ կարող էին Բակո Սահակյանին չառաջադրել և չընտրել: Չեմ բարդում կուսակցությունների վրա, բայց դա իրենց պատասխանատվությունն է»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության աշխատանքին` Վիտալի Բալասանյանը նշեց, որ պետք է մշակվի ռազմավարական ծրագիր մեկ փաթեթով: Այդ փաթեթն անվտանգությունն է, գյուղատնտեսությունը, քաղաքականությունը, առողջապահությունը և այլն, և այդ փաթեթը պետք է դրվի հանրային քննարկման:

«Ինչպիսի՞ն ենք տեսնելու Արցախը 15-20 տարի հետո: Առ այսօր չկա նման հեռանկարային ծրագիր, որը գուցե և ժամանակին ԱՀ իշխանությունների բացթողումն է եղել: Կան նաև հաջողություններ, բայց իմ կոշտ արձագանքն է, որ մենք դեռևս 50 տոկոսով էլ չենք օգտագործել բոլոր ռեսուրսները: Ճիշտ պլանավորման դեպքում մենք կլուծենք ինքնաբավության հարցը, և այդ առումով բացասական եմ գնահատում Արցախի Հանրապետության իշխանությունների աշխատանքը»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Այս թեմայով
am