‹‹Արդեն երկար ժամանակ է Մխիթարյանը մեր հավաքականում անփոխարինելի է››. Խաչիկ Չախոյան

Հայաստանի ազգային հավաքականի ոչ-ոքին Լիխտեյնշտեյնի հետ մրցավեճում կարծես ընտրական խմբից դուրս գալու մեր շանսերը նվազեցրեց: Սակայն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ դեռ հնարավորություն կա և միայն համախմբվածության միջոցով կկարողանանք հաղթահարել այս փուլը:

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կկայանա Եվրո 2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Այսօրվա հանդիպման, հավաքականի շանսերի, ավագի բացակայության և այլ հարցերի շուրջ MegaNews.am-ը զրուցեց սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ:

-Պարոն Չախոյան Լիխտեյնշտեյնի հետ նմանատիպ խաղից հետո, արդյոք մեր հավաքականը կկարողանա այսօր դիմակայել Ֆինլանդիայի ընտրանուն:

-Կարծում եմ Լիխտեյնշտեյնի հետ խաղում գրանցած արդյունքից հետո մեր հավաքականն այսօր ավելի պետք է համախմբվի, որպեսզի կարողանա ինչ-որ հարց լուծել, հակառակ դեպքում նմանատիպ խաղով մենք Եվրոպայում անելիք չունենք: Մեզ բնականաբար հեշտ հանդիպում չի սպասվում, սակայն ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ մեր հավաքականն այսօր անհամեմատ ավելի լավ խաղ կցուցադրի: Այս խաղը մեզ համար առանցքային է, ուստի հաղթանակը մեզ որոշ չափով հնարավորություն կտա մտածել Եվրո 2020-ի եզրափակիչ ուղեգիր նվաճելու մասին:

-Ըստ Ձեզ՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն ինչ-որ չափով ազդեցություն ունեցավ նախորդ խաղի ելքի վրա և արդյոք այսօր կրկին նույն պատկերը կգրանցվի:

-Անկախ մրցակցից, անկախ խաղի նշանակությունից Հենրիխի բացակայությունն անմիջապես անդրադառնում է մեր խաղի վրա: Մխիթարյանը  կապող օղակ է հանդիսանում կիսապաշտպանության, պաշտպանության և հարձակման միջև, նա կարողանում է առաջ տանել խաղընկերներին, ուստի առանց նրա դժվար կլինի մեզ համար:

-Հավաքականում կա՞ն  ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան լրացնել Հենրիխի բացակայությունը:

-Կա խոսք, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց արդեն երկար ժամանակ է Մխիթարյանը մեր հավաքականում անփոխարինելի է, սակայն չեմ կարող չնշել, որ կան ֆուտբոլիստներ ովքեր լավ մարզավիճակում են հիմա և կկարողանան օգնել մեր թիմին այսօրվա խաղում հասնել ցանկալի արդյունքի:

-Ի՞նչ կմաղթեք մեր հավաքականին այսօրվա խաղում:

-Մեր հավաքականին մաղթում եմ միայն  արդյունավետ խաղ, քանի որ մեզ համար այսօր կարևորը ոչ թե լավ, գեղեցիկ, կոմբինացիոն  խաղն է, այլ՝ արդյունքը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am