Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հետվիրահատական բուժման մեջ. դատական նիստը նրա բացակայության պատճառով հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Պատճառն այն էր, որ Քոչարյանն այսօր դատարան չէր բերվել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Մինչ նիստի սկսվելը, նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ Քոչարյանը հայտնել է՝ եթե նիստին ներկայանալն իր իրավունքն է, ոչ թե պարտականությունը, ապա չի առարկում, որ նիստը շարունակվի իր բացակայության պայմաններում:

Նիստն սկսվելուն պես դատարանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ գրություն է ստացվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետից, որտեղ վերջինս նշել է, որ Քոչարյանը հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման եւ անհրաժեշտության դեպքում վիրահատության համար: Դանիբեկյանը նշեց, որ դատարանն այլ տեղեկություններ չի ստացել:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ փաստաբանական հարցում է ուղարկել ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին: Վերջինս ի պատասխան հայտնել է, որ ներկայումս Ռոբերտ Քոչարյանի հետվիրահատական վերականգնողական բուժումը շարունակվում է, որը կտեւի 1-2 շաբաթ, ուստի նրա մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ:

Քանի որ ամբաստանյալ Քոչարյանը նիստին ներկա չէր, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը: Հաշվի առնելով, որ նախորդ նիստին դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից, ուստի սույն գործով հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին:

Այս թեմայով
am