Ի՞նչ անել գրիպով չհիվանդանալու համար. մասնագետի խորհուրդները

Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ:

Լիանա Թորսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևոր է իրավիճակը դիտարկել 2 տեսանկյունից՝ ի՞նչ անել, երբ արդեն հիվանդ ենք, և ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ:

Ի՞նչ անել, երբ արդեն հիվանդ եք

Տանը մնալ 

Լիանա Թորսյանը նշում է, որ փակ տարածքները նպաստում են վարակի տարածմանը: Նա հորդորեց փռշտացող, հազացող և ջերմությամբ երեխաներին թույլ չտալ հաճախել կրթական հաստատություն:

Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի հակաբիոտիկներ չընդունել

Մասնագետի խոսքով՝ վիրուսային հիվանդությունը հնարավոր չէ կանխել հակամանրէային դեղորայքով, ուստի հակբիոտիկները ընդունել և ինքնաբուժմամբ զբաղվել պետք չէ. պարզապես պետք է դիմել բժշկի:

Հետևել անձնական հիգիենայի

Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս հիվանդներին հաճախ լվանալ ձեռքերը, օգտագործել շատ հեղուկներ և օդափոխել տարածքը:

Ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ

Եղանակին համահունչ հագնվել

ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ այս դեպքում մրսածության գործոնը կարող է բավականին լուրջ դերակատարություն ունենալ, ուստի բարդություններից խուսափելու համար պետք է տաք հագնվել:

Օգտագործել շատ հեղուկներ, հեռու մնալ հիվանդ մարդկանցից

 

Լիանա Թորոսյանը նշում է, որ եթե մարդու շրջապատում կա հիվանդ մարդ, ապա ցանկալի է նրանից 2 մետր հեռավորություն պահպանել, քանի որ այդ հեռավորության վրա հարուցիչները չեն փոխանցվում: Նա խորհուրդ տվեց մարդկանց պահպանել հազի և փռշտալու էտիկետը, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկները անմիջապես գցել աղբամանի մեջ:

Դիմակներ կրել

Դրսում դիմակներ կրելը չի պաշտպանում մարդուն, իսկ փակ տարածքում դիմակները պետք է փոխել 4 ժամը մեկ և դիմակը ծալել դեպի ներս և գցել աղբամանը:

Լիանա Թորոսյանը հատուկ շեշտեց, որ հիվանդի խնամքով չպետք է զբաղվեն երեխաները, հղի կանայք և այն անձինք, ովքեր ունեն խրոնիկ ուղեկցող հիվանդություններ, քանի որ այդ անձինք ավելի խոցելի են:

 

Այս թեմայով
am