«Էրեբունի» ԲԿ-ում ծննդկան է մահացել. արտամարմնային բեղմնավորմամբ կինը լույս աշխարհ է բերել տղա եւ աղջիկ

Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել: «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Մանրամասների մասին խոստացավ հայտնել ավելի ուշ, ապա դեպքի վերաբերյալ կենտրոնի անունից տարածվեց հաղորդագրություն: 

 Դրանում նշվում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած կնոջ մոտ ախտորոշվել է թեթեւ աստիճանի պրեկլամսիա: Հղիության 35 շաբաթականում կատարված կեսարյան հատման ընթացքում երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում:

«Անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, հրավիրվել են ռեանիմատոլոգներ եւ հարակից բոլոր նեղ մասնագետները, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ անմիջապես կատարվել է հակամակարդիչների ներարկում: Մեկ ու կես ժամ ցուցաբերված միջոցառումներից հետո գրանցվել է կնոջ կենսաբանական մահը: Ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն եւ թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի եւ վերին վերջույթների տոտոլ ցիանոզով»,- դեպքից հինգ օր անց տարածած հաղորդագրության մեջ հայտնում է բժշկական կենտրոնը: 

Կեսարյան հատման ընթացքում ծնվել է զույգ երեխա՝ տղա եւ աղջիկ, համապատասխանաբար 1կգ 880 գ, 45 սմ հասակով եւ 2կգ 40 գ, 45 սմ հասակով: Ծնվելու պահին երեխաներն ունեցել են շնչառական խնդիրներ, ստացել են համապատասխան բուժում, վիճակը գնահատվում է կայուն, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ստանում են նորածնային խնամք:

«Թոքային զարկերակների թրոմբոէմբոլիաները մայրական մահացության պատռճառագիտության մեջ դիտարկվում են որպես ոչ կանխելի մահեր»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Նյութը՝ armtimes.com

Այս թեմայով
am