Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝ ազատամարտիկ Սարո Սիմոնյանը (ֆոտո)

NEWS.am–ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 14–ին Արցախի Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում 52 տարեկանում սրտի կաթվածից մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի հայրը՝ Սարո Սիմոնյանը։ Սարո Սիմոնյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի ընթացքում կորցրել էր մեկ աչքը: Սիմոնյանների բազմանդամ ընտանիքը երկար տարիներ բնակվում էր անմխիթար տանը, ընդամենը օրեր առաջ էր բարերարների միջոցներով հիմնովին վերանորոգված տունը հանձնվել ընտանիքին։

Հիշեցնենք, որ հետախույզ Նվեր Սիմոնյանը զոհվել է ապրիլի 4-ին` մարտական գործողությունների ժամանակ։ Նվերի հրամանատարը պատմել է, որ հատուկ նշանակության վաշտի զինծառայողներ Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվել են առավոտյան հակառակորդի տանկից կրակված արկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց եւ կարեւոր նշանակության հենակետը պահպանելուց հետո: Նվեր Սիմոնյանը հոգին ավանդել է եղբոր գրկում. երկու տանկ խփելուց հետո Նվերը պահանջել է, որ եղբայրը հետ քաշվի, քիչ անց Ազատը լսել է եղբոր` օգնություն կանչող ձայնը. «Ազատս մոտեցել է եղբորը, մտածել է` վիրավոր է, չի պատկերացրել, որ եղբայրը հենց իր ձեռքերի մեջ է մահանալու…»,– ասել է Նվերի մայրը՝ տիկին Սուսաննան։

ԼՂՀ Նախագահի հրամանագրով`  Նվեր Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:

Նվեր Սիմոնյան. եղբոր գրկում մահացած զինվորը (ֆոտո)

Լուսանկարը՝ Armenianow.com–ի

Այս թեմայով
am