‹‹Մասիս›› բժշկական կենտրոնի ծեծկռտուքի մանրամասներն Աշոտ Թորոսյանի մեկնաբանությամբ

Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: ‹‹Մասիս›› բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանի և նույն կենտրոնի պահեստապետ Աշոտ Թորոսյանի միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել, որից հետո Հայկ Հովհաննիսյանն ահազանգել էր ոստիկանության Մասիսի բաժին և ասել, որ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում վնասվածք է ստացել:

MegaNews.am-ի հետ զրույցում Աշոտ Թորոսյանը ներկայացրեց դեպքի մանրամասները:

‹‹Այդ օրը հիվանդանոցում շաբաթօրյակ էր: Ես իմ աշխատասենյակում էի, ինձ զանգեց պարոն Հովհաննիսյանը և հարցրեց՝ ինչու՞ չեմ մասնակցում շաբաթօրյակին, ես էլ պատասխանեցի, որ ես իմ գործն եմ անում, դրանից հետո սկսեց իմ հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել: Գնացի իր աշխատասենյակ՝ պարզաբանումներ ստանալու: Հարցրի, թե ինչու է ինձ հայհոյում, ինքն էլ պատասխանեց, որ լավ է անում: Ես ուզեցի առաջ գնալ, տնօրենի տեղակալը, որ նույպես այդտեղ էր, բռնեց ձեռքերիցս, իսկ տնօրենը սկսեց քաշքշել, նույնիսկ ոսկյա շղթաս պոկվեց: Շղթաս վերցրի և դուրս եկա, այդ ընթացքում տնօրենը և տեղակալը վազեցին հետևիցս և դուրս գալուց հետո վիճաբանությունը շարունակվեց և վերածվեց ծեծկռտուքի››,- ասում է Աշոտ Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Հայկ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին և քիթը վնասել, Թորոսյանն ասաց, որ այդքան էլ լավ չի հիշում, սակայն հնարավոր է, որ քաշքշուկի ընթացքում  հարվածած լինի, և ավելացրեց նաև, որ իր ոտքին ևս  հարվածներ է ստացել:

Աշոտ Թորոսյանը շարունակում է աշխատել ‹‹Մասիս›› բժշկական կենտրոնում:

Գործի առթիվ Մասիսի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am