Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները

Ֆրանսիան ավելի շատ ջանք կներդնի Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կանգնեցնելու համար:  Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը:

Հիշյալ հայտարարությունը կազմվել է Ֆրանսիայի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի՝ նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ Փարիզում անցկացված նիստից հետո:

«Ֆրանսիան կավելացնի իր դիվանագիտական ջանքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի իր դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում: Քայլեր կձեռնարկվեն Սիրիայում գտնվող ֆրանսիացի զինծառայողների և քաղաքացիների անվտանգության համար, ինչպես նաև շտապ հումանիտար արձագանքման ծրագիր կընդունվի: Նաև քայլեր կձեռնարկվեն Ֆրանսիայի ազգային անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ: Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Թուրքիայի հարձակումը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գրավյալ քաղաքականությունը: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք արգելք կդառնան 2011 թվականից շարունակվող սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհին:

Այս թեմայով
am