«Թուրքիան երկար ժամանակ ուզում էր դա անել, եւ հիմա «կանաչ լույս» ստացավ» Անդրանիկ Իսպիրյան

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը ենթադրում է, որ կա ներքին պայմանավորվածություն՝ մինչեւ որոշակի տարածքներ առաջանալու Օրերս Թուրքիան «Խաղաղության ակունք» անվամբ ռազմական գործողություն սկսեց հարեւան Սիրիայի տարածքում՝ քրդական ուժերի դեմ: «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողություններից հետո սա 3-րդ ներխուժումն է, որի նպատակն ու թիրախը, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի գնահատմամբ, ինչպես եւ նախորդ երկու գործողություններինը, նույնն են՝ չոզեքացնել թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդական միավորումներին: «Իսկ իրականում պատկերը հետեւյալն է:

Քրդերը նաեւ Թուրքիայի հարավ-արեւելքում բավականին խիտ են բնակեցված, ինչն ընտրությունների ժամանակ խնդիրներ է ստեղծում Թուրքիայի համար: Սահմանից այն կողմ էլ սիրիաբնակ քրդերն են, եւ Թուրքիան սա իր համար որպես վտանգ է ընկալում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Իսպիրյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան քրդական միավորումներին անվանում է «ահաբեկչական», իսկ իրականում իր խնդիրն է լուծում՝ չի ցանկանում, որ Սիրիայի հետ սահմանին լինեն քրդեր, որոնք հետագայում կարող են հարվածի տակ դնել իր սահմանային անվտանգությունը. «Խնդրահարույց հատվածներում քրդերը կարող են միավորվել եւ գլխացավանքներ ստեղծել Թուրքիայի համար»: Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայի Սիրիա ներխուժումն իրականում սիրիական հակամարտությանն առնչվող դերակատարների հետ համաձայնեցված որոշում է. «Սա Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա համաձայնեցված գործողություն է: Այն տեղային է՝ Եփրատից արեւելք: Թուրքիան երկար ժամանակ ուզում էր դա անել, եւ հիմա «կանաչ լույս» ստացավ: Մտածել, որ Թուրքիայի այս գործողությունը կվերաճի տարածաշրջանային լուրջ իրադարձության կամ զարգացումների, իրատեսական չէ: Թուրքիան տեղային խնդիր է լուծում: Ենթադրում եմ, որ կա ներքին պայմանավորվածություն՝ մինչեւ որոշակի տարածքներ առաջանալու եւ դրանցում, ինչպես Թուրքիան էր ցանկանում, անվտանգության գոտիներ ստեղծելու: Դա Թուրքիան կօգտագործի նաեւ փախստականների համար, որոնք գլխացավանք են դարձել իր իսկ ներսում, ուստի կփորձի նրանց հետ ուղարկել Սիրիայի այդ տարածքներ, որոնք կլինեն իր վերահսկողության տակ»:

Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների գոտում բնակվող սիրիահայերի անվտանգության խնդրին՝ շեշտելով, որ ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում պետք է նպաստի, որպեսզի նրանք տարհանվեն ավելի անվտանգ վայրեր, իսկ եթե ցանկություն ունեն հայրենադարձվելու՝ փոխադրվեն ՀՀ: Փորձագետի խոսքով՝ այդ թվում հայերով բնակեցված հատվածները, որոնք Թուրքիան թիրախավորվել է, այժմ քրդական ուժերի հսկողության ներքո են. «Քրդերը խուսափում են քրիստոնյաներին, եզդիներին կամ ասորիներին բացահայտ ճնշելուց: Նման տեղեկություններ ես չունեմ»:

 

Այս թեմայով
am