‹‹Պետք է հույս ունենանք, որ ապագայում ինչ-որ լավ բան կլինի››. Արտավազդ Բայաթյան

MegaNews.am-ը  մի շարք հարցերի շուրջ զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ:

-Պարոն Բայաթյան, ըստ Ձեզ՝ հեղափոխությունից հետո ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանը:

-Հեղափոխությունից հետո քիչ ժամանակ է անցել, ըստ իս՝ ինչ-որ բանի մասին խոսելը դեռ վաղ է, բայց կարծում եմ՝  որոշ մարդիկ արդեն իրենց ցույց են տվել, հանել են իրենց դիմակները: Որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի հեղափոխության հետևանքները նկատելի լինեն: Մենք բոլորս պետք է հույս ունենանք, որ ապագայում ինչ-որ լավ բան կլինի. պետք է լավատես լինենք:

-Կանդրադառնա՞ք Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին:

-Նախկինում Հայաստանի ներքաղաքական վիճակն ավելի բարդ էր, քան այժմ: Որոշ բաներ հիմա ավելի շատ են բացահայտվում և այդ իսկ պատճառով հարցականները ավելի են շատանում: Մյուս կողմից էլ մեր երկրի վրա դրսի ազդեցությունը շատ մեծ է և բացասական, դա ևս անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:

-‹‹Հայելի›› ակումբի դեմ կատարվածը, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Լրատվամիջոցները պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի սադրանքներից, բայց  պետք է նաև իրենց տարածած տեղեկատվությունների համար պատասխանատու լինեն: ‹‹Հայելի›› ակումբի դեմ կատարվածը իհարկե չեմ ողջունում և կարծում եմ, որ այս հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի:

-Քաղաքական թեման շրջանցելով՝ խոսենք Երևանի գալիք տոնի մասին, ի՞նչ կմաղթեք քաղաքին և նրա բնակիչներին:

-Ուզում եմ, որ մեր քաղաքը ավելի բարեկեցիկ լինի, քաղաքում տիրող մթնոլորտը լինի դրական և մեր քաղաքացիները ապրեն խաղաղ և ապահով:

Հավելենք նաև, որ Արտավազդ Բայաթյանը Երևանին նվիրված երգ ունի, որն ըստ իրեն՝ սիրո և նվիրվածության իր դրսևորումն էր:

Աննա Բզնունի, Մերի Գևորգյան

Այս թեմայով
am