Հակոբ Արշակյանը ողջունել է N2 համաժողովի մասնակիցներին (Տեսանյութ)

Հակոբ Արշակյանը ողջունել է N2 համաժողովի մասնակիցներին (Տեսանյութ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
հոկտեմբերի 10-ին մասնակցել է նախարարության աջակցությամբ առաջին անգամ
Երևանում անցկացվող «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո N2
համաժողովի բացմանը:

Հակոբ Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր
տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց  կապի և թվային
ենթակառուցվածքների զարգացման։ Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը
զուգընթաց՝ պետք է զարգանա նաև Կառավարության կառուցվածքը, ինչի
իրագործմանն էլ միտված է նորաստեղծ նախարարության գործունեությունը, որը
ներառում է նաև կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտը՝ ինտեգրված թվային
ենթակառուցվածքների հետ։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի
ոլորտում։ Մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում հասանելի է 4G ինտերնետ կապ,
սակայն դա բավարար չէ: Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով
նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային
կապով։

«Կապի ենթակառուցվածքների դերը մենք բարձր ենք գնահատում, քանի որ առանց
դրա հնարավոր չի լինի առաջանցիկ տեմպերով զարգացնելու բարձր տեխնոլոգիական
արդյունաբերությունը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Նախարարն իր խոսքն ավարտել է՝  համաժողովի մասնակիցներին մաղթելով
արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի կապի
ոլորտը՝ թե՛ ծառայությունների, թե՛ ենթակառուցվածքների մասով, ևս մի քանի
քայլ առաջ մղել։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան
Մարբին։ Նա կարևորել է նման քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ նույն
գաղափարի շուրջ մեկ տեղում հավաքված տարբեր մասնագետների ու
ընկերությունների տեսակետների հանրագումարը կարող է կարևոր հետևությունների
հանգեցնել՝ արդյունավետ լինելով բոլորի համար։ Նա ներկայացրել է նաև իրենց
ընկերության գործունեությունը, որը 20 տարուց ավելի է՝ համարվում է
ինտերնետ կապի և ծառայությունների մատուցման սյուներից մեկը։
Մասնակիցներին ողջույնի խոսք են հղել նաև RIPE NCC-ի տնօրեն Աքսել
Պավլիկը, Օպերատորների հայկական միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը,
ArmIGF–ի համակարգող Լիաննա Գալստյանը։

«N2» միջազգային համաժողովի օրակարգում ներառված է 6 առանձնահատուկ
միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի
Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ
կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը,
Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ
հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Եռօրյա համաժողովի ընթացքում  կքննարկվեն  մի շարք թեմաներ, այդ թվում՝
Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ
ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ,
Հայաստանի թվային ապագան և այլն։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Այս թեմայով
am