«Ինձ ձեր ակցիայի մասնակիցը դարձրիք». Հակոբ Արշակյանը՝ բողոքի ակցիա իրականացնողներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քիչ առաջ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցավ, վերցրեց իրենց դիմումները՝ խոստանալով փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները։

Եվ այդ միջոցին  Կառավարության շենք մտնելու ժամանակ, Արշակյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին, եւ փորձեց հասկանալ ինչ խնդիր է։ Քաղաքացիներից մեկը ներկայացրեց խնդիրն ու պահանջը Արշակյանն ասաց, որ գրավոր տարբերակով իրեն ներկայացնեն, որ փոխանցի պատկան մարմիններին.

«Ձեզ չե՞ն մոտեցել։ Հավաքեք, ստորագրեք, ուղարկեք ձեր գրավոր դիմումները։ Որեւէ բան եթե կա փոխանցելու, տվեք ինձ ես փոխանցեմ պատկան մարմիններին։ Ըստ էության՝ չեմ տիրապետում այս գործի այդ պատճառով, ոչինչ չեմ կարող ասել»։

Քաղաքացին խնդրեց, որ Արշակյանը դիմումը փոխանցի վարչապետին. «Շատ ցավալի գործ է։ Շուրջ 250 ընտանիք տուժվել է՝ 23-ամյա աղջկա պատճառով։ Նա նստած է, բայց դատական գործում ոչ մի փոփոխություն չկա»։

Այնուհետեւ Արշակյանը կոնտակտ խնդրեց քաղաքացիներից. «Ինչ-որ ձեւ պետք է կոնտակտ ունենանք, որ կապվենք ձեր հետ։ Ինձ ձեր ակցիայի մասնակիցը դարձրիք»։

Մտնելով Կառավարության շենքը ՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ միանշանակ, արձագանք լինելու է։

Այս թեմայով
am