Ամեն ինչ չափ ու սահման ունի

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ վաղ առավոտից համացանցը «հուզված էր»՝ քննարկում էին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերը․ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»: Խոսքը «Սասնա ծռերի» մասին է։

Անշուշտ, կարելի էր խոսքն ավելի քաղաքակիրթ ու մեղմ ձեւակերպել, եւ ֆիզիկական ոչնչացման մասին հիշատակումը ոմանք կարող են նաեւ որպես բռնության սպառնալիք դիտարկել։

Բայց եթե դուք հանդուրժում եք համացանցում տիրող սեռական հայհոյանքի ու բռնության կոչերը, ապա առնվազն ծիծաղելի է այս քաղաքական հայտարարությունից վրդովվելը։ Առավել ծիծաղելի են պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու բանակից խուսափած տարբեր դասալիքների արձագանքները։

Ի՞նչ է արել մեր երկրի համար պատահաբար Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հայտնված անձը, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել գեներալի խոսքին եւ դասեր տալ ու վիրավորել նրան՝ «խուլիգան» անվանելով եւ «քաղաքական աղբանոց» ուղարկելով։

Ցավոք, մենք վերջին տարին բազմիցս լսել ենք անդաստիարակ ու «լափառոշ» խոսք, երբ մարդու ո՛չ վաստակն են հարգում, ո՛չ տարիքը։ Երբ իրենցից ոչինչ չներկայացնողներն ուսուցիչ են դարձել եւ խելք ու խրատ են սովորեցնում իրենցից բազմապատիկ գիտուններին ու խելոքներին։ Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, եւ հանրությունը, սրանց ընկերներն ու ծնողները պետք է սաստեն սրանց։ Իրենց տեղն ու չափը սովորեցնեն։

Այն, ինչ չեն սովորել մանկության ու պատանեկության տարիներին, հիմա պետք է սովորեցնեն։ Որ նրանցից հետո եկող սերունդն իմանա, թե ինչպես պետք է խոսի ու ինչ պետք է անի պետական պաշտոնյան»։

Այս թեմայով
am