Սերժ Թանկյանի 5 տարեկան տղան հայերեն է սովորում

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի 5 տարեկան տղան հայերեն է սովորում: Այս մասին նա հայտնեց այսօր՝ WCIT համաժողովի պանելային քննարկման ժամանակ:

«Մենք շատ ուշադիր ենք: Կրթական գործիքներ ունենք «iPad»-ի վրա, թույլ ենք տալիս նրան օգտվել հատկապես երկարատեւ թռիչքների ժամանակ: Նա սովորում է հայերեն տառերը, անգլերեն, տառերը, բայց մենք սահմանափակումներ ենք դրել: Նա կարող է օգտագործել դրանք հատուկ ժամանակ՝ հանգստյան օրերին, թռիչքների ժամանակ: Նրա համար դա օգտագործելը, կարծես, բոնուս է: Բայց ընկերներ ունեմ, որոնք երեխաներին շատ վաղ տարիքում թույլ են տալիս ցանկացած պահի օգտվել դրանից, եւ դա, իրոք, ահավոր է: Հետեւանքները շատ մեծ են: Դա ազդում է նրանց ուշադրության վրա, նրանք չեն կարողանում կենտրոնանալ ինչ-որ բանի վրա: Դա շատ վտանգավոր է:

Կարծում եմ՝ նրանք այնքան շատ են տարված իրենց էլեկտրոնային սարքավորումներով կամ այնքան զբաղված են, որ դրա համար էլ թույլ են տալիս, որ այս բաները տեղի ունենան: Բացի այդ՝ սա նոր աշխարհ է բոլորիս համար: Այս ամենը համեմատաբար շատ նոր է, ծնողները գուցե պարզապես տեղեկացված չեն: Գուցե մտածում են, որ եթե դա չի ազդում իրենց հոգեբանության վրա, ապա չի ազդի նաեւ իրենց երեխաների վրա: Բայց ուսումնասիրություններն այլ բան են ցույց տալիս»,- ասում է նա:

Հարութ Ղուկասյան

Այս թեմայով
am