ՀՀ զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները. Նիկոլ Փաշինյան

Այս կարգի քննարկումները շատ կարևոր եմ համարում մտագրոհի տեսակետից, որովհետև այս քննարկումներն ու բանավեճը ավելի մեծ էներգիա են տալիս տնտեսական զարգացման և ընդհանրապես պետության զարգացման մասին մեր մտածումներին: Այս մասին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրային տրամադրությունները, հանրային սպասումներն ու ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան ուղղակի չոր թվերը և թվերի համադրությունները, և այս քննարկումները մեզ համար կարևոր են այդ տրամադրությունների ստեղծման համար: ՀՀ տնտեսական զարգացման և ընդհանրապես զարգացման հիմքում մենք տեսնում ենք անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները»,- ասաց նա:

Վարչապետի կարծիքով՝ 2019 թվականը և ընթացիկ տնտեսական իրավիճակը և ցուցանիշները գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, որը էլի նույնն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունը ամրապնդելը: Իհարկե, կան բազմաթիվ կանոնակարգումների, կարգավորումների հարցեր, պարզեցումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ավելի ամրապնդելու, տնտեսական գործունեության մեջ ներգրավված սուբյեկտների, անձանց համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականները, որոնք մեզ համար առաջնահերթություն են, գաղափարական նշանակություն ունեն, և նաև նման քննարկումներում մենք պետք է հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնանք, որ լինենք առավել ճշգրիտ և արդյունավետ»,- շեշտեց նա:

Վարչապետն ընդգծեց, որ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» գիրքը կարդացել է ամբողջությամբ դեռ հունիս-հուլիսին, և քննարկումներն այսքան ուշացել են զուտ տեխնիկական պատճառներով:

Այս թեմայով
am