«Փչացրի՞». Փաշինյանը երեխայի ձեռքից վերցրեց մուրճն ու դուրը և սկսեց փորագրել քարի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Էջմիածին քաղաքի տոնն է, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

Նա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ շրջել է քաղաքում: Քաղաքացիները փորձում էին մոտենալ և զրուցել վարչապետի հետ։ 

Քաղաքացիներից մեկը վարչապետից 30 վայրկյան խնդրեց. «Կներեք պարոն վարչապետ, ես Ռուսաստանից եմ եկել, 30 վայրկյան կարելի է Ձեզ, այսօր գնում եմ ու ուզում էի ձեզանից շնորհակալություն հայտնել»։

 

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Եղբայր հիմա չեմ կարող, միջոցառման եմ, օգնականս այնտեղ է իր հետ խոսեք»։

Երբ քաղաքացին պնդեց, որ անպայման ուզում է զրուցել, Փաշինյանը նշեց. «30 վայրկյանն արդեն անցավ»։

Մեկ այլ քաղաքացի էլ վարչապետին էլեկտրաէներգիայի գնից սկսեց բողոքել. «Մեր քաղաքապետն ա, լավն ա, մենք իրան հարգում ենք, բայց պարոն վարչապետ էդ հարցը տամ էլի։ Պարոն վարչապետ էլեկտրոցանցերին ուշադրություն դարձրեք, ժողովրդին կողոպտում են պարոն վարչապետ»։

Վարչապետն էլ հորդորեց այդ հարցով նախարարին դիմել. «Քաղաքապետի հետ քայլում ենք, նախարարն այստեղ է, իրեն դիմեք»։

Նրանք մոտեցան քարի վրա փորագրություն անող երեխաներին: Վարչապետը երեխաներից մեկից հետաքրքրվեց, թե արդյոք ինքն է քանդակել ամբողջը և դժվար է սովորելը. «Որ ես ուզենամ, կկարողանա՞մ անել, հլը տուր, սովորացրա, տեսնեմ կարող եմ անել»։ Այնուհետև Փաշինյանը ձեռքն առավ մուրճն ու դուրը և սկսեց փորագրել. «Փչացրի՞»,-դիմելով երեխային հարցրեց նա:

Բազմաթիվ քաղաքացիներ փորձում էին լուսանկարվել Փաշինյանի հետ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս մոտենալ, շատ քչերին հաջողվեց Փաշինյանի հետ սելֆի անել։

Մի կին էլ մոտեցավ ու նշեց, որ 5 հատ նամակ է գրել, ոչ մեկին չի պատասխանել. «Պարոն վարչապետ, մեր վիճակն էնքան վատ ա, դոմիկում ենք ապրում»։

Վարչապետը չպատասխանեց ու անցավ առաջ, սակայն էլեկտրաէներգիայի գնից բողոքող տղամարդը կրկին մոտեցավ ու իր հարցը բարձրացրեց. «Եղբայր ջան, հասկացանք»,- ասաց վարչապետը, սակայն քաղաքացին չէր պատրաստվում հեռանալ և կրկին իր խոսքը պնդեց. «Պարոն վարչապետ մի հատ վերանայեք էլի, խնդրում եմ, իրոք էդ սոչիկները ինչ դրել են, ժողովրդին 3-4 հազար մանեթ թալանում են ուղղակի»։

Մի քանի կանայք էլ անվտանգության աշխատակիցների միջոցով նամակ փոխանցեցին վարչապետին։

Փաշինյանը եղավ նաև Հայաստանում առաջին «խելացի կանգառ»-ում, նա «Խելացի կանգառ» ընկերության տնօրենից հետաքրքրվեց. «Սա առաջինը Էջմիածինո՞ւմ է, հանրապետությունում չկա՞ ուրիշ տեղ»,- ինչին ի պատասխան տնօրենը նշեց. «Ոչ, հիմա դեռ չկա։ Երևանում գնում է քննարկումներ, մինչև Նոր տարի պիլոտային տարբերակ ենք ուզում ներդնել»։

Արմավիրի մարզպետը հանձնարարեց վերցնել բնակարանի խնդիր ունեցող կնոջ տվյալները։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Այս թեմայով
am