Ամեն հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր.Փաշինյան

Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով Սփյուռք-Հայաստան սահմանը վերացելն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, քանի որ տարբեր նախագահներ Սփյուռքի դերակատարության մասին տարբեր տեսակետներ են ունեցել։

«Այնպես չէ, որ ես ինքս Սփյուռք-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ միշտ մեկ ստատիկ կարծիք եմ ունեցել։  Դա իսկապես Երրորդ Հանրապետության պատմության ամենակարևոր օրակարգային հարցերից է, որը պետք է նայել դինամիկայի մեջ, թե ինչպես է այդ հարցը զարգացել։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով Սփյուռք-Հայաստան սահմանը վերացելն է։ Օրինակ, եթե մարդը ՀՀ-ից արտագաղթել է 2015 թվականին, ինքը սփյուռքահա՞յ է, թե՞ սփյուռքահայ չէ, իմ ընկալմամբ՝ ինքը սփյուռքահայ չէ։ Իսկ նա, ով 2013 թվականին է արտագաղթե՞լ, իսկ նա, ով 2001 թվականին է արտագաղթել, սփյուռքահա՞յ է, թե՞ սփյուռքահայ չէ, իմ կարծիքով՝ ինքն էլ սփյուռքահայ չէ, իսկ նա՞, ով 1995-ին։ Մարդիկ տարբեր պատճառներով ՀՀ-ից հեռացել են, հիմա ասենք 1996 թվականին իմ եղբայրն էլ ՀՀ-ից հեռացել, գնացել է ՌԴ-ում է ապրել, ես իրեն վերաբերվեմ որպես սփյուռքահայի՞, կամ իմ դասարանցիները, Ձեր ընկերները, որոնք ՀՀ-ում չեն ապրում, դուք իրենց վերաբերվում եք որպես սփյուռքահայի՞ և նրանց հետ հարաբերությունների նոր բանաձևե՞ր եք մշակում։ Պետք է ջնջել այդ սահմանները»,-նշեց նա։

Վարչապետի հազմոզմամբ՝ կարևոր է, թե մարդն իրեն որ երկրի հետ է նույնականացնում․ «Խնդիրն այն է, թե մարդը որ երկրի հետ է իրեն նույնականացնում, աշխարհում ավելի ու ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ և Սփյուռքի կառուցակարգային, գաղափարաբանական այդ սահմանները պետք է վերանան, այս հենքի վրա պետք է կառուցվեն հարաբերությունները։

Յուրաքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու այնքան, որքան ՀՀ-ում բնակվողները, դրա ամենակարևոր ձևը, որ բոլոր հայերը ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, սա որպես մի նվազագույն կետ, տարվա մեջ առնվազն մի որոշ ժամանակ պետք է անցկացնեն Հայաստանում»։

 

Այս թեմայով
am