ԼՀԿ-ն ստանձնել է նոր կլասիկ ՕԵԿ-ի դերակատարությունը ԱԺ-ում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստում կարմիր թելով անցնում էր, որ Նիկոլ Փաշինյանի տեսակը, նրա  կառավարությունն անհամատեղելի է պետական կարևորագույն ինստիտուտների պետականության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Մեկնաբանությունները, թե հայտարարության տեքստը Վանեցյանը չէր գրել, Սամսոնյանը «խելապակաս» հայտարարություններ որակեց, նոր իշխանությունների ժամանակահատվածում այդպիսի վարքագիծը դարձել է օրինաչափություն:

«Վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով նմանատիպ անհեթեթ և տրամաբանությունից զերծ հայտարարություն է արվում, ի՞նչ կապ ունի՝ ով է գրել, «Ֆեյսբուքում» ակտիվիստի գրառման նման մի բան էր, դա վարչապետի խոսնակի ասելունը չէր, բայց քանի որ վարչապետի մամուլի խոսնակը իր ղեկավարի նման պրոֆեսիոնալիզմի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող է, ես չեմ զարմանում նմանատիպ արձագանքից, դիլետանտական հերթական հայտարարությունն էր:

Ի դեպ, շատ հետաքրքիր պատահականությամբ այդ հայտարարությունը հանվում է ԱԱԾ ֆեյսբուքյան և պաշտոնական էջից: Պատկերացո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ամեն հաջորդ պաշտոնյա նախկինի հայտարարությունները հանի պետական համակարգից, ասենք՝ ինչ-որ մեկը գա և Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, զառանցանքները, «լայվերը», էպոտաժային մոտեցումները ամբողջությամբ ջնջի պետական կառավարման հիշողությունից: Մենք հիմա գործ ունենք մարդկանց հետ, որոնք չգիտեն՝ ինչ է պետական կառավարման համակարգը, չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները»,-նշեց նա:

Նարեկ Սամսոնյանն ասաց, որ Արթուր Վանեցյանի քաղաքական անցյալը ընդդիմադիրների դաշտում լայն կոնսոլիդացիայի հնարավորություն չի տալիս, բայց քաղաքականության մեջ հաջողություն կարող է ունենալ:

«Ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանից ավելի բարձր «ռեյտինգ» ունեցող քաղաքական գործիչ կարող է դառնալ. իշխանական թիմի համատեքստում եմ ասում»,-նշեց նա:

Ինչ վերաբրում է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականին և դրան հաջորդող տեքստին, ապա Նարեկ Սամսոնյանն ընդգծեց, որ Վալերիյ Օսիպյանը և սպայական արժանապատվությունը միմյանցից  հեռու են, հակադրվող են, և նա իրավունք չունի դրանից խոսել:

Անդրադառնալով ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին՝ կապված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հետ, Նարեկ Սամսոնյանն ասաց, որ ծառայություն են մատուցում իշխանություններին: Ըստ նրա՝ ԼՀԿ-ն ստանձնել է ՕԵԿ-ի դերակատարությունը խորհրդարանում, տեսնում ենք նոր կլասիկ ՕԵԿ:

«ՕԵԿ-ը մեր քաղաքական դաշտում մնաց որպես իշխանության սատելիտի կամ ֆեյք ընդդիմության ցուցիչ, հիմա մենք խորհրդարանում ունենք ՕԵԿ, էտ ՕԵԿ-ը մի քանի շաբաթ առաջ պառլամենտում ուներ երկու Արթուր Բաղդասարյան՝ Արման Բաբաջանյանն ու Էդմոն Մարուքյանը, հիմա Արման Բաբաջանյանը հեռացավ, էլի պառլամենտում ունենք երկու Արթուր Բաղդասարյան՝ քաղաքական մետոֆորի իմաստով: Հիմա ԼՀԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաճոյանա ու, ի դեպ, ավելի շատ հաճոյանա, քան Արման Բաբաջանյանն է հաճոյանում. հիմա ՕԵԿ-ի մեջ երկու Արթուր Բաղդասարյանի կռիվը բերելու է նոր օրինագծերի»,-նշեց նա:

Այս թեմայով
am