Բացառում եմ ԲՀԿ-ին և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Armtimes.com-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում:

«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն իր և Գագիկ Ծառուկյանի միջև չի՞ եղել, նա պատասխանել է.

«Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբևիցե կյանքիս մեջ որևէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն»:

Ճշտող հարցին՝ մտադիր չէ՞ քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն է միայն բացառում, Վանեցյանն արձագանքել է.

«Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ»:

Այս թեմայով
am