Ահազանգ. Արփի լճի ջրային ռեսուրսները կտրուկ նվազել են

«Արփի լիճ» ազգային պարկն իր հատուկ պահպանվող գոտիներով անցնում է տեսահսկման: Որսագողությունն ու ապօրինի ձկնորսությունը բացառելու համար մինչ այս իրականացվում էր պարետային ծառայություն: «Կովկասի բնության» հիմնադրամը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում տեղադրել է  տեսահսկման սարքեր, արևային էներգիայի ստացման պանելներ, և հազվագյուտ համարվող դեղին կոկոռի բազմացման համար կառուցվել են պատվարներ: «Արփի լճի» տարածքում են գտնվում 630 տեսակի հազվագյուտ բույսերը, Կարմիր գրքում հայտնված կենդանիներից ու թռչուններից մի քանիսը:
«Արփի լիճ» ազգային պարկը Ջավախքի լեռնաշղթայի հետ զբաղեցնում է 25 հազար հեկտար տարածք։ Լճից բացի, 2009 թվականից հատուկ պահպանման գոտում են ներառվել նաև շրջակա անտառածածկ տարածքներն ու բնական լանդշաֆտը, որտեղ աճող բուսատեսակներից 25-ը եզակի են ամբողջ Կովկասում և  ներառված են Հայաստանի Կարմիր գրքում։Հենց Արփի լճի տարածքում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում և գանգրափետուր հավալուսնի, սև արագիլների միակ բնակավայրը  Հայաստանում։ Տարածաշրջանի կենսա և կենդաբազմազանության պահպանման ու բնական աճին նպաստելու համար հատուկ պահպանվող տարածքներն անցնում են ուժեղացված տեսահսկողության: Ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր։ Հինգ տեսախցիկներն աշխատում են առցանց ռեժիմով, դրանց հետևելու հնարավորություն ունեն «Արփի լիճ» ազգային պարկի և Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուները։ Առաջիկայում եզակի կենդանիներին ու թռչուններին հայտնաբերելու համար կտեղադրվեն նաև ֆոտո թակարդներ, տեսախցիկները կարձանագրեն նաև տարածքում գրանցվող բնական աղետներն ու կահազանգեն կենտրոն։ Կենսաբազմազանությունից բացի, մտահոգիչ է նաև Արփի լճի ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը։ Վերջին 4 տարիներին լճի ջրի մակարդակը զգալիորեն նվազել է: 80մլն մետր խորանարդից Արփի լճում ջրի ծավալը հասել է 30 մլն մետր խորանարդի: Ազգային պարկի տնօրենը ջրի մակարդակի իջեցումը կապում է ոռոգման սեզոնին իրականացվող ջրթողների հետ, երբեմն ջրի մակարդակը հասնում է մեռյալ ծավալի:

Այս թեմայով
am