Պաշտոնները հավերժ չեն. Մակունցն իր համար նոր բացահայտում է արել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները համարում է բնականոն գործընթաց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը ՔՊ վարչության նիստից առաջ։

«Դրանք համարում եմ բնականոն գործընթացներ, իսկ թե ի՞նչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնը մեկ այլ պաշտոնով փոխարինվի, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, պաշտոնները հավերժ չեն»,- ասաց Մակունցը։


Հարցին՝ արդյոք ուժային կառույցներում հնարավո՞ր են այլ պաշտոնանկություններ, Մակունցը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել դրա մասին որեւէ տեղեկատվություն, որովհետեւ չունեմ որևէ տեղեկատվություն»։

Հարցին՝ արդյոք այս 2 պաշտոնանկությունները վարչության ներսում քննարկվե՞լ են, թե դա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումը, Մակունցը պատասխանեց. «Նիստի ընթացքում քննարկվում են տարբեր հարցեր։ Պաշտոնանկության հարցեր, բնականաբար, չեն քննարկվում, բայց քննարկվում են ներքաղաքական իրավիճակին վերաբերող տարբեր հարցեր եւ խնդիրներ»։

Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ նոր ոստիկանապետ նշանակվելու է Վիլեն Գաբրիելյանը՝ Մակունցն ասաց. «Այդ տեղեկության մասին իրազեկվել եմ մամուլից»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի աղմկահարույց հայտարարությանը՝ Մակունցն ասաց. «Պարոն Վանեցյանը հաջորդ օրը լրագրողների հետ շփման ընթացքում արել է նաեւ այլ հայտարարություն եւ արել է իր մեկնաբանությունները, այնպես որ հավելել որեւէ բան չեմ ցանկանում։ Որեւէ բան չեմ կարող ասել ձեզ»։

Հարցին՝ արդյոք իշխանությունը չի՞ ցանկանում որեւէ պարզաբանում տալ նախկին ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին, Մակունցն ասաց, որ այն ինչ հնարավոր էր պարզաբանել, ներկայացրել է վարչապետը, եւ ինքը չի կարծում, որ հավելյալ պարզաբանում պետք ակնկալել։

Լիլիթ Մակունցը նշեց, որ չի կարող ասել՝ այսօրվա ՔՊ վարչության նիստում ինչ են քննարկելու, որովհետեւ, նրա խոսքով, սահմանված օրակարգ չկա։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարականի դիմում էր ներակայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ երեկ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի ուշ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։

Այս թեմայով
am