Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել. Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում ադրբեջանական բանակը մի քանի անգամ զորավարժություններ է անցկացրել՝ այդ թվում թուրքական բանակի հետ համատեղ:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում եւս մեկ լայնամասշտաբ զորավարժություն է սկսվել: Սա այս տարի արդեն 4-րդ զորավարժությունն է: Զորավարժությանը կմասնակցի ավելի քան 10 000 զինծառայող: Նաեւ ներգրավված է 100 միավոր զրահապատ զինտեխնիկա, 20 միավոր ռազմական թռչող սարքեր, այդ թվում՝ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, 120 միավոր հրետանահրթիռային տարբեր տրամաչափի կայաններ, հրթիռային համազարկային կայաններ, ականանետեր եւ այլն: Զորավարժությունների սցենարով նախատեսված դժվար ռելիեֆային, անտառային, գիշերային, ինչպես նաեւ բարձր ռադիոէլեկտրոնային հաճախականության պայմաններում ռազմական գործողություններ իրականացնել՝ հրետանու, ռազմական օդուժի համադրմամբ: Գործակալության փոխանցմամբ՝ նպատակ է դրված, որ այս ամենը հնարավորինս նույնականացվի իրական ռազմական գործողության հետ: Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանի ողջ տարածքում, բոլոր այն հրաձգարաններում, որոնց պայմանները թույլատրում են սցենարի իրական պահանջներին:

Թե, որքանով են այս զորավարժությունները լուրջ վտանգ ներկայացնում՝ մեր զրույցում մանրամասնեց, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի զորավարժություններ է անցկացրել, հիմա էլ նոր զորավարժություն են սկսել: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ուժի ցուցադրություն է:

- Ցանկացած դեպքում էլ, հատկապես՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունները առաջին հերթին ուժի ցուցադրում է: Պետք է նաեւ արձանագրել, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում  զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել: Այսինքն՝ տարվա ընթացքում զորավարժությունների թիվը եւ դրանց մասնակից զինտեխնիկայի ու մարդկային ուժի թիվն է միտված դրան: Իհարկե, եթե համեմատելու լինենք կոնկրետ այս օրերին սկսված զորավարժությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների հետ, ապա ակնհայտ է, որ ընդհանուր զինտեխնիկայի քանակության առումով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությանը: Այսինքն, այս պահին ընթացող զորավարժությունն իր մասշտաբներով աննախադեպ դժվար է համարել: Ամեն դեպքում դա իր մեջ տարբեր մեսիջներ է պարունակում, հիմնականում ուղղված մեզ, մեր հանրությանը, Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, ու դրանց պետք է մոտենալ առավել լրջորեն:

- Սրան զուգահեռ, ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն:

- Որպես կանոն՝ այդ ժամանակահատվածում, երբ որ Ադրբեջանում նման մասշտաբի զորավարժություններ են ընթանում՝ իսկ դրանք հիմնականում ընթանում են սահմանի ոչ այդքան մեծ հեռավորության վրա, Պաշտպանության բանակը անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում՝ կանխելու  հնարավոր սադրանքները, որոնք զորավարժությունների ժամանակ կարող են տեղի ունենալ: Այսինքն այս ամբողջ ընթացքը՝ բոլոր առումներով, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ լիարժեքորեն իրավիճակը վերահսկվում է:

- Արդյո՞ք դա հղի է պատերազմի վտանգով, թե այս պահին դրա նախադրյալները չկան:

- Կոնկրետ այս դեպքը նկատի չունեմ, բայց առհասարակ սցենարներից մեկը կարող է համարվել՝ հերթական զորավարժություններից հետո կտրուկ ռազմական գործողությունների մեկնարկը: Այսինքն բոլոր առումներով՝ նաեւ այդ առումով, զորավարժությունները վտանգավոր են: Այդ իսկ պատճառով է, որ ցանկացած զորավարժություն սահմանագծի, թե՛ մերձակա, թե՛ որոշակի հեռավորության վրա ամբողջությամբ դիտարկվում եւ վերահսկվում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն:

- Այս զորավարժություններին զուգահեռ սահմանին լարվածություն նկատվո՞ւմ է:

- Այստեղ երկու հարթության վրա պետք է ընդհանուր գնահատականներ հնչեցնել. առաջինը այն է, որ ցանկացած դեպքում զորավարժությունն ինքնին լարվածությունը մեծացնում է, քանի որ զորավարժությունն ինքնին տեղաշարժ է, ինքնին զորքերի կուտակում է: Այսինքն, դրանով արդեն իսկ լարվածություն հաղորդում է սահմանին: Երկրորդը՝ ինչպես արդեն նշեցի, զորավարժություններն ու հակառակորդի մեծաքանակ շարժերը ինքնին սցենարային առումով կարող են վտանգավոր լինել: Այսինքն, նաեւ այս հարթության մեջ պետք է սա դիտարկել:

- Հակառակորդի կողմից դեպի մեր կողմ առաջխաղացման փորձ կամ առհասարակ շարժ կա՞:

- Ամառվա ընթացքում մի ընթացք եղել է, որ բավականին լարված էր, բայց վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրավիճակը հիմնականում հանգիստ է եղել: Հակառակորդի կողմից կտրուկ շարժեր եւ կուտակումներ առանձնապես չեն եղել Արցախի ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտումները հիմնականում քիչ են եղել:

- Այս պահին, թե՛ զորքի մարտունակության, եւ թե՛ զինտեխնիկայի առումով հայկական բանակը ի զորո՞ւ է համարժեք պատասխան տալ, եթե Ադրբեջանը որոշակի ագրեսիա դրսեւորի:

- Համոզված եմ:

- Այսինքն՝ հանկարծակիի գալու տարբերակներ այլեւս չկա՞ն:

- Ժամանակակից աշխարհում տեխնիկական միջոցներն անընդհատ զարգանում են, անընդհատ նոր հնարավորություններ են ստեղծում՝ այդ թվում նաեւ ռազմական ոլորտում: Սակայն ընթացիկ գործընթացներին համահունչ՝ մենք անընդհատ փորձում ենք արդիականացնել այն համակարգերը, որոնք մեզ հնարավորություն են տալիս հակառակորդի շարժերը տարբեր հեռավորությունների վրա անընդհատ մեր դիտարկման տիրույթում պահել: Ամեն ինչ արվում է, որպեսզի անկանխատեսելիության ռիսկը նվազի:

Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։ Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում եւ պահեստազորի զորահավաք: «Բացառիկ զորավարժություններ մարտական ներդաշնակմամբ, պաշտպանությունից՝ հարձակում եւ հակառակորդի ոչնչացում: Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը»,- նշել է ՊՆ-ն:

armtimes.com

Այս թեմայով
am