Արթուր Վանեցյանը մտել է քաղաքականություն

ԱԱԾ այլևս նախկին պետ Արթուր Վանեցյանը, այսօր որոշակի պարզաբանումներ ներկայացնելով իր նախօրեի հրաժարականի, ըստ էության սկանդալային հրաժարականի մասին, նախ չի բացառել քաղաքականության մեջ լինելը՝ ասելով, որ կենտրոնացած է ֆուտբոլի վրա, սակայն ոչինչ բացառել պետք չէ, և հետո կոչ է արել նախկին իշխանության չոգևորվել, իսկ իրեն էլ չկապել Միքայել Մինասյանի հետ: Բանն այն է, որ այդ ակնարկը նախօրեին առկա էր Վանեցյանի հրաժարականի տեքստի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի խոսնակ Կարապետյանի արձագանքում:

Վանեցյանը հայտարարել է, թե Միքայել Մինասյանն իր համար մարդ է, որը պետք է տա բազմաթիվ հարցերի պատասխաններ: ԱԱԾ նախկին պետը կոչ է արել նախկին իշխանությանը չմիջամտել իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությանը, քանի որ իրենք գիտեն, թե ինչպիսին է այդ հարաբերությունն ու ինչպես կզարգանա:

Այն, որ նախկին իշխանությունը որևէ կերպ առիթը բաց չէր թողնելու ԱԱԾ պետի հրաժարականը նորի դեմ օգտագործելու համար, աներկբա էր: Մյուս կողմից, այդ առիթը խոշոր հաշվով տվել էր նաև Արթուր Վանեցյանը, իր հրաժարականի աղմկոտ տեքստով, որն, ի դեպ, նա այսօր էլ վերհաստատել է: Սակայն խնդիրն այստեղ, անշուշտ, նոր իշխանություն-Վանեցյան-նախկին իշխանություն որևէ կոնֆիգուրացիան կամ փոխադարձ մեղադրանքները չեն, այլ այն, որ Արթուր Վանեցյանը դե ֆակտո արդեն իսկ քաղաքականության մեջ է, թեև նա ոչ թե հաստատել, այլ ընդամենը չի բացառել այդպիսի հնարավորությունը: Բանն այն է, որ իր հրաժարականի տեքստով նա արդեն իսկ ամուր մտել է քաղաքականություն, կամա, թե ակամա: Հատկապես հաշվի առնելով, որ հետհեղափոխական իրավիճակում, դրանից բխող մի շարք հանգամանքների բերումով ԱԱԾ-ն դե ֆակտո արդեն իսկ քաղաքական իրողությունների առաջնագծում էր, անգամ ըստ օրենքի՝ լինելով ապաքաղաքական կառույց: Հրաժարականի հայտնի տեքստից հետո առավել ևս Վանեցյանը քաղաքականության մեջ է, և սա շատ հետաքրքիր իրադրություն է, հաշվի առնելով այն, որ պաշտոնի, այսպես ասած, որոշակիորեն կաշկանդող հանգամանքից ազատ քաղաքական դիրքավորում է ստանում մարդը, որը հետհեղափոխական մեկուկես տարիների ընթացքում ի պաշտոնե առնչվել է բազմաթիվ բացառիկ տեղեկությունների՝ հասարակական-քաղաքական գրեթե ամբողջ դիապազոնի իմաստով:

Կորդեգրի Արթուր Վանեցյանը քաղաքական որևէ հրապարակային ֆորմատ, թե ոչ, դա հարցի մի կողմն է, բայց բոլոր դեպքերում նա արդեն ներքաղաքական դերակատարման հավակնորդ սուբյեկտների համար խիստ արժեքավոր քաղաքական ֆիգուր է, եթե անգամ քաղաքականության մեջ լինի ոչ անմիջականորեն իր դեմքով, այլ, այսպես ասած, միջնորդավորված:

1in.am

Այս թեմայով
am