Վարչապետն ու ԱԺ նախագահը բացահայտ ճնշում են գործադրել դատարանի վրա. Ալումյան

Եթե դատավորը ՍԴ որոշման հիման վրա եկել է այլ եզրակացության, քան մենք ենք առաջարկել, անիմաստ է նույն դատավորին նույն հիմքով միջնորդություն ներկայացնել. դրա համար կա կարգ, վերցնում ենք դատավորի որոշումը եւ բողոքարկում ենք վերաքննիչ դատարան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով փաստին, որ դատարանը որոշեց մերժել ՍԴ որոշման հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը:

Անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ կապված ՍԴ-ում տիրող վիճակի հետ, Ալումյանն ասաց. «Արարատ Միրզոյանի հայտարարությունը ճնշում է դատարանի նկատմամբ: Եվ վարչապետը, եւ ԱԺ նախագահը բաց տեքստով ասում էին, որ ՍԴ որոշումը լեգիտիմ չի, օրինական չի, դատավորները օրինական կազմով չեն դա իրականացրել:

Սա ի՞նչ է նշանակում: Այսօր գործը քննող տվյալ դատավորը խորհրդակցական սենյակում է եւ պետք է որոշի՝ ՍԴ որոշումը ընդունելով պարոն Քոչարյանին ազատ արձակի, թե ոչ: Հիմա եթե երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային հայտարարում են, որ ՍԴ որոշումը օրինական չէ, սա իհարկե, ճնշում է դատավորի նկատմամբ: Սրանից ավելի բացահայտ եւ ուժեղ ճնշում հնարավոր չի մտածել, եթե չենք խոսում ֆիզիկական ճնշման մասին»:

Պաշտպանը նկատեց, որ կա դատական իշխանություն, որի գործառույթների մեջ չպետք է միջամտի ոչ օրենսդիրը, ոչ գործադիրը:

Այս թեմայով
am