Քոչարյանի գործի շրջանակներում գործադիրն ու օրենսդիրը պարբերաբար ճնշում են դատական իշխանությանը. Արամ Օրբելյան

Ուզում եմ մատնանշել, որ սույն դատական գործի շրջանակներում գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ճնշումներ են գործադրել դատական իշխանության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության ժամանակ ասաց 2-րդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

«Ամեն անգամ, երբ պարոն Քոչարյանի կալանքի հարց պետք է քննվի, ակտիվանում են ճնշումները, իսկ երբ կալանքի ակտուալության հարց է քննարկվում, ճնշումները դադարում են, վերջին ակտիվությունը եղել է երեկ՝ Ձեր կողմից որոշում կայացնելու նախօրեին”,- ասաց նա՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։


Արամ Օրբելյանը նշեց, որ օդում կախված լուրեր կան, որ դատավորին տարբեր անձինք այցելել են այս գործի հարցով, որին դատախազն առարկեց, իսկ պաշտպանն ընդունեց առարկությունը։ «Չեմ ուզում անդրադառնալ օդում կախված լուրերին՝ Ձեզ կատարած այցերին տարբեր մարդկանց կողմից, ընդամենը ասում եմ, որ օդում կախված լուրեր կան»,–ասաց Օրբելյանը, ապա համոզմունք հայտնեց, որ խաթարված է առնվազն պարոն Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը. «Այս գործընթացի շարունակությունը ցանկացած արդյունքով՝ ինչ որոշում էլ Դուք ընդունեք չի կարող երաշխավորել անաչառ դատարանի կողմից գործի արդար դատաքննության իրավունքը»։

Պաշտպանը շեշտեց, որ ՍԴ–ի կողմից 300.1 հոդվածի վարույթ ընդունումը հաստատում է, որ կա լուրջ կասկած, որ չի համապատասխանում Սահմանադրությանը. «Հաշվի առնելով այն, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը ձեր կողմից վարույթ ընդունելուց հետո ընդունվել է խորհրդակցական սենյակում, այսինքն առանց հրապարակային քննության, եւ կալանավորման պայմանների հարցը հաստատված է համարվել՝ հիմք ընդունելով ուսումնասիրված նյութերը, ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշման բեկանման պահին առկա չի եղել մի շատ կարեւոր հանգամանք։ Դա այն հանգամանքն է, որ ՍԴ–ի կողմից քննության է առնվել 300.1 հոդված սահմանադրականության հարցը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի ՍԴ–ն ստանալով կողմերի դիմումները, քննության է առնում, եթե չկան առերեւույթ հիմքեր, որ սահմանադրականության խնդիր չկա։ Այսինքն ՍԴ-ի կողմից աշխատակարգային որոշումով վարույթ ընդունելով 300.1 հոդվածի հարցը, դրա համադրումը 72,73, 78,79 հոդվածներին, հաստատում են, որ կա լուրջ կասկած, որ դրանք չեն համապատասխանում Սահմանադրությանը»։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ սահմանադրականության հարցը կարող է քննարկման առարկա դառնալ քննության ապացույցների հետազոտման վերջում, Փաստաբանն ասաց. «Գտնում եմ, որ տվյալ գործի շրջանակներում ինչպես սույն դատարանը հաշվի չի առել ՍԴ որոշումը, մեծ հանգստությամբ կարող է հաշվի չառնել այդ որոշումը հետեւյալ պատճառաբանությամբ, որ սույն դատարանը գործը քննելով նախապատրաստական փուլում պետք է հասկանա ընդհանրապես ապացուցման ենթակա հանգամանքները, այսինքն՝ մեղադրանքի հիմքում ընկած են այն փաստերը, որոնք ապացույցների հետազոտման արդյունքում պետք է ապացուցվեն կամ չապացուցվեն։ ՍԴ-ն, քննելով 300.1 հոդված սահմանադրականության հարցն, ունի երեք որոշումների հնարավորություն՝ այն սահմանադրական է, այն չի համապատասխանում Սահմանադրությանը կամ այն համապատասխանում է Սահմանադրությանը որոշակի մեկնաբանության շրջանակներում։ Եթե ՍԴ–ն գալիս է այն եզրակացության, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը որոշակի մեկնաբանության շրջանակներում, սույն դատարանը կաշկանդված է գործը քննել այդ մեկնաբանության շրջանակներւմ, հետեւաբար մինչեւ այդ որոշման հրապարակումը անհնար է քննության առարկա դարձնել սույն գործը եւ հասկանալ ինչ հանգամանքներ պետք է ապացուցել, ինչ հանգամանքներ չպետք է ապացուցվեն։ Բայց հաշվի առնելով, որ ՍԴ–ի կողմից գործը քննության առնելով առկա է առերեւույթ կասկած, որ այդ հոդվածը հնարավոր է չի համապատասխանում սահմանադրությանը, գտնում եմ, որ ազատազրկման հետ կապված որեւէ խափանման միջոց պարոն Քոչարյանի նկատմամբ չի կարող կիրառվել առնվազն այս փուլում»։

Այս թեմայով
am