Չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ արդարադատությունն անձանցից կախված է իրականացվում. Յ. Խաչատուրովի պաշտպան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այս գործը քաղաքական գործ է համարում։ Այս մասին նա այսօր հայտարարեց դատարանում:

«Այս գործով ընթացող զարգացումները թույլ չեն տալիս, որ զուտ իրավաբանական կողմը քննարկվի։ Այս մեղադրանքների շրջանակներում իրավական կողմ բացարձակապես չկա և պատահական չէ, որ այս գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը արդեն իսկ երկու որոշում է կայացրել», - ասաց Պողոսյանը։

Անդրադարձ կատարելով  քրեական գործի նյութերին՝ փաստաբանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի հետ այս գործով 800 վկաների ցուցմունքները որևէ առնչություն չունեն։


«Հիմա ասում են՝ գնացեք, դուք անազատության մեջ մնացեք, մինչև այդ անկանխատեսելի դատավարությունը, որի հետ կապված սահմանադրականության հարց կա, շարունակվի երկար տարիներ։ Անձնական հաշվեհարդար է տեղի ունենում։ Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն։  Չի կարող ՀՀ-ում տեղի ունենա այնպիսի դատավարական պրոցես, որտեղ քննարկվում են ոչ թե գործողությունները, այլ անձը։ Մենք գնում ենք իրավական պետություն կառուցելու ճանապարհով և դատարանը, հույս ունեմ, մի կաթիլ կավելացնի այդ իրավական պետություն տերմինին ու ՀՀ-ում իրականում կտրվեն գնահատականներ ոչ թե անձանց, այլ դրանց գործողություններին», - նշեց նա։

Այս թեմայով
am