Չի բացառվում՝ Փաշինյանը մտահոգություն է ունեցել, որ Արթուր Վանեցյանի վարկանիշը կարող է ավելի բարձր լինել, քան իրենը. Գագիկ Համբարյան

Արթուր Վանեցյանի հրաժարականն անակնկալ չէր, և բավական երկար ժամանակ որոշ լրատվամիջոցներ այդ մասին գրում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

«Արթուր Վանեցյանը հրաժարականի հասարակ դիմում չներկայացրեց, այլ, կարելի է ասել, իր դուրս գալուց հետո դուռը շրխկացրեց Նիկոլ Փաշինյանի երեսին, որովհետև հայտարարության մեջ բացահայտ գործող իշխանություններին մեղադրում է տարերային որոշումներ ընդունելու, հախուռն գործողություններ կատարելու, առաջնայինը երկրորդայինից չտարբերելու մեջ և նկատում է, որ այս տեմպերով չի կարելի պետություն կառուցել: Այսինքն` պարոն Վանեցյանը շատ պարզ պարոն Փաշինյանին և նրա կառավարությանը մեղադրում է ոչ պետական մտածելակերպի, թայֆաբազության սեփական շահերը պետական շահերից վեր դասելու մեջ»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ բավական խորը խնդիրներ են եղել Վանեցյանի և Փաշինյանի միջև: «Այս հրաժարականը բավական մեծ հարված է գործող իշխանությունների վարկանիշին, որովհետև լավ գիտենք, որ ցավոք սրտի այս իշխանությունների կարևոր նախարարությունները, որոնք բարձր վարկանիշ են ապահովում գործող իշխանության համար, դա ԱԱԾ-ն է, Պաշտպանության նախարարությունն և ոստիկանապետը»,-ասաց նա:

Գագիկ Համբարյանը չի բացառում, որ Արթուր Վանեցյանի հրաժարականը կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա, քանի որ նույն ԶԼՄ-ները գրում էին Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին. «Չի բացառվում, որ սա դոմինոյի էֆեկտով կշարունակվի, և որոշ անձիք ևս դուրս կգան Փաշինյանի կառավարությունից»:

Ըստ նրա՝ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է ունեցել, որ Արթուր Վանեցյանի ռեյտինգը կարող է ավելի բարձր լինել, քան իրենը: «Ուսումնասիրելով պարոն Փաշինյանի գործելաոճը՝ կարող եմ ասել, որ նա բավականին էգոիստ է այդ առումով և շատ ծանր է տանում, երբ իր կառավարության որևէ անդամ հասարակության աչքին բարձրանում է»,-ասաց նա: Չնայած դրան նա նշեց, որ եթե այդ հանգամանքը լիներ, ապա Արթուր Վանեցյանի հայտարարությունն այլ բովանդակություն կունենար:

Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերից կախված կլինի, թե ներիշխանական կռիվը որքան կխորանա, քանի որ այդ կռիվը վաղուց կա: «Իշխանական բուրգը ի սկզբանե բավականին թույլ է եղել: Իշխանական բուրգի մեջ գտնվող, այսպես կոչված, սորոսական թևը ուղղակի անարգանքի սյանը գամեց պարոն Վանեցյանին, և նույն իշխանական բուրգի մեջ տարբեր թևերի միջև պայքարը շարունակվում է մինչ հիմա: Պարոն Վանեցյանի հրաժարականով, կարելի է ասել, որ սորոսական թևը հաղթանակ է տարել: Հիմա պարոն Փաշինյանի առջև խնդիր է դրված, որ ինքը կարողանա պահպանել բալանսը, հարց է, թե սորոսական թևի հաղթանակից հետո ինչպես կարձագանքեն մյուս թևերի ներկայացուցիչները: Այդ կռիվը չի կարող շատ խորանալ, քանի որ եթե Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր թիմում գոյություն ունեցող հակասությունները հարթել և պահել բալանսը իր թիմի տարբեր թևերի միջև, այս ամենը կփլուզվի, և ինքը կմնա այդ փլատակների տակ»,-ասաց նա:

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությանը  ՍԴ –ի վերաբերյալ՝ նա ասաց, որ այն պատահական չէր և պարտադրված էր Նիկոլ Փաշինյանի կողմից, և նա դա արեց պարոն Փաշինյանի քիմքին դուր գալու համար:

Այս թեմայով
am