Ս.Սաֆարյանի հաղորդումը հանցագործության մասին և կոչը ԱԱԾ պետին և ՀՀ ոստիկանապետին

ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և կոչով դիմել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին․

«Իր մի շարք ստատուսներով այլևս ՀՀ քրեական օրենսգրքի տակ տեղավորվող ֆեյսբուքյան մի էջ ժամեր առաջ տեղադրել է իբրև թե իմ և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած “զրույցի” սքրինշոթ, որն էլ իբրև թե հայթայթվել է իմ առևանգված հեռախոսից:

Ինչպես սեպտեմբերի 6-ից հետո քանիվցս գրել և հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում՝ առևանգողների ու դրա պատվիրատուների համար “կյանքի ու ազատության” հարց է եղել իմ հեռախոսում հայտնաբերել ՀՀ վարչապետի, նրա որևէ ներկայացուցիչի ու իմ միջև, որևէ այլ էական դերակատարի/անձի ու իմ միջև հաղորդակցությունը, որը կօգտագործվեր իմ, ՀՀ վարչապետի, իշխանությւան դեմ՝ ցույց տալու համար, թե ՀՀ իշխանությունները հասարակական-քաղաքական ճնշումներ են գործադրում ՀՀ դատական համակարգի, ավելի ստույգ՝ վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանի վրա, որի օղարկներից մեկը իբրև թե ես եմ:

Ձեռագիրը պետք է լիներ նույնը, ինչ ԱԱԾ, պետի, ՀՔԾ ղեկավարի ու վարչապետի իբրև թե “հեռախոսային խոսակցության գաղտնալսման” դեպքում, երբ մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ամիսներ շարունակ այդ ամենը օգտագործեց իշխանությունների դեմ ու խաղարկեց՝ փորձելով մանիպուլյացիաներով պատրանք ստեղծել իբրև թե բարձրագույն օղակներից “հեռախոսային արդարադատության ու պատվերի” մասին: Չկարողանալով իմ առևանգված հեռախոսիս մեջ հայտնաբերել որևէ բան, որը կվկայեր իրենց ցանկալի “կապերի” մասին, այժմ ստիպված հորինել են նման մի “նամակագրություն”, որը սոցիալական ցանցեր են նետել հստակ նպատակով, որպեսզի յուրային ԶԼՄ-ները կարողանան դրանք տեղափոխել իրենց էջեր:

Զգուշացնում եմ բոլոր կայքերին ու լրատվամիջոցներին և օգտատերերին, որ հենց այդ էջում իմ կողմից հայտարարվել է ինձ վերագրվող կեղծիքի մասին, և այն տարածելու, արտատպելու դեպքում պատասխանատվությունն անխուսափելի կլինի:

Հանրությանը տեղեկացնում եմ, որ հրապարակված սքինշոթերը բացարձակ կեղծիք են, նման կամ որևէ այլ բովանդակությամբ հաղորդակցություն չի եղել և կատարվածը հանցագործություն է, զրպարտություն և ուղղված է իմ հասարակական-քաղաքական գործունեության դեմ:

Դիմում եմ ԱԱԾ պետ Ա.Վանեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վ.Օսիպյանին՝ անհապաղ հայտնաբերել կեղծիքի հեղինակներին, պարզել նրանց առնչությունը իմ վրա կատարված հարձակման ու հեռախոսի առևանգման հետ»:

Այս թեմայով
am