Շարունակում են այն հուզական ֆոնը պահել, ինչ որ 10 տարի պահել են. Լեւոն Քոչարյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Դատավարությունը փորձում են շոուի վերածել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Չեմ կարող ասել, թե դատարանն ինչպիսի որոշում կկայացնի։ Ինձ համար անհասկանալի է, սեպտեմբերի 17-ին կլինի, չգիտեմ, տեսնենք։ Ինձ համար ակնհայտ է, որ դատավարությունը փորձում են շոուի վերածել, զոհերի տուժողների իրավահաջորդների ծնողներին բերելով՝ նորից շարունակում են այն հուզական ֆոնը պահել, ինչ որ 10 տարի պահել են։ Երբ մեղադրանքում չկա ոչ մի մեղադրանք թե զոհերի, թե տուժածների հետ կապված, բայց միեւնույն է, այդ հուզական ֆոնը փորձում են պահել»,- ասաց Լեւոն Քոչարյանը։

Նա հույս հայտնեց, որ հաջորդ դատավարությանը ՍԴ-ի որոշումն ի կատար կածվի եւ Քոչարյանն ազատ կարձակվի։

Դիտարկմանը, որ նախորդ անգամ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների դռներն էին շրջափակել իշխանության աջակիցները, Լեւոն Քոչարյանն ասաց. «Հույս ունեմ՝ այդ ամենը չի ազդի դատավորի որոշման վրա»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացավ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն  ներկայացրեցին ՍԴ որոշման հիմքով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին։

Այս թեմայով
am