Կարծում եմ, որ կարելի է «պաուզա» վերցնել. ԱԺ նախագահը` ՍԴ-ում ստեղծված խնդրի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՍԴ-ում ստեղծված խնդրին, մասնավորապես այն դիտարկմանը, թե կա ճգնաժամ, բայց այն լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում.

«Նայեք, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ իսկապես կա իրավական ճգնաժամ ՍԴ էս հարցի շուրջ, իրավաբանական հանրույթը բազմաթիվ տեսակետներ ունի և միանշանակ բանաձև չունի հարցի կապակցությամբ, ուր մնաց՝ ոչ մասնագետները կարողանան հստակ լուծում տալ:

Ես կարող եմ քաղաքական տեսանկյունից ասել՝ իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, և գուցե այդպիսի հանրային պահանջարկ կա կացինով լուծել այս կամ այն հարցը, մենք նույնիսկ հանրային լայն կոնսենսուսի պարագայում չենք կարող գնալ այդ ճանապարհով, որ անտեսվեն գործող օրենքները, կարգավորումները, միջազգային պարտավորությունները և առարկայացնենք, իրականացնենք այս կամ այն լուծումը: Կարծում եմ, որ կարելի է պաուզա վերցնել այս առումով: Հիմա ինչ-որ առումով  էդ պաուզայի փուլում ենք»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ զարգացումը պետք է լինի իրավական ճանապարհով:

SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, թե ստացվում է, որ մի կողմից խոսվում է ոչ արդար դատաքննությունների, ռիսկերի մասին, մյուս կողմից միայն հույսեր են, որ ամեն բան կկարգավորվի, ԱԺ նախագահն այսպես է արձագանքել.

«Ընդհանրապես, եթե անգամ չխոսենք միայն Հայաստանի մասին, միշտ էդ կանխավարկածով պետք է առաջնորդվենք, որ դատարանը կառաջնորդվի նրանով, ինչ պիտի առաջնորդվի: Մենք չենք կարող որևէ մարդու, այդ թվում՝ դատավորի հարցում, առաջնորդվել մեղավորության կանխավարկածով, որքան էլ որ ամրագրեցինք, որ իրավական անվտանգության խնդիր կա ՍԴ-ում: Այդ խնդիրը չպետք է լուծվի իմ կամ ինչ-որ մեկի կամքով, դա պետք է լինի իրավական լուծում, որպեսզի մենք չհանգեցնենք ավելի մեծ ճգնաժամի, քան այն, որից ուզում էինք դուրս գալ»:

Այս թեմայով
am