Ես միշտ Հայաստանի ժողովրդի հետ եմ. Սպիվակովը 75 տարեկան է

Ռուս հայտնի ջութակահար և դիրիժոր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը սեպտեմբերի 12-ին տոնում է իր ծննդյան 75-ամյակը:

Սպիվակովը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 13 տարեկանից: 1979-ին նա հիմնում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը, որով ելույթներ է ունենում նաև Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո:

Սպիտակի երկրաշարժը լավ տպավորվել է Սպիվակովի հիշողության մեջ.

«Երբ Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ, մենք Ֆլորենցիայում համերգ էինք տալիս: Այդ ժամանակ ես տեսա 2 կնոջ, որոնց ձեռքին տուփ կար, որի վրա գրված էր, որ նրանք երկրաշարժից տուժածների համար գումար են հավաքում: Այնտեղ կար ընդամենը 10 հազար լիր, այդ ժամանակ ես նրանց հրավիրեցի Սուրբ Լորենցոյի եկեղեցի և մեր համերգի ողջ հասույթը՝ 50 հազար դոլար, տվեցի նրանց, հետո գումարը հասավ Հայաստան»:

Հայաստանին Սպիվակովին «կապում է» նաև հայուհի կինը՝ Սաթին (Սաթենիկ) Սպիվակովան: Նրանք միասին են արդեն մի քանի տասնամյակ, ունեն 2 դուստր: Երաժիշտը մինչ օրս պարբերաբար այցելում է Հայաստան և հաճախ կարծիք է հայտնում Հայաստանի պատմությանը, մշակույթին, Հայոց եղեռնին վերաբերող հարցերի շուրջ:

«Ե՛վ տխրության, և՛ վշտի ժամանակ ես միշտ Հայաստանի ժողովրդի հետ եմ, մինչ օրս»,- ասել է Սպիվակովը:

Նրան 1999թ. շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

 

 

Այս թեմայով
am