Ահազանգ. Հայաստանում իշխանությունը պատմության մեջ առաջին անգամ փորձում է հեռուստաընկերություն խլել.«Մեդիա պաշտպան»

Դեռևս ամիսներ առաջ «Մեդիա պաշտպան»-ը հրապարակայնորեն բարձրաձայնել էր այն խնդիրը, որ հեռուստաընկերությունների ազատ գործունեությունը Հայաստանում վտանգված է: Այժմ խնդիրն ստացել է առարկայական բնույթ: «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց վտանգավոր ընթացք են ստանում: «Մեդիա պաշտպան»-ը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ՝ ըստ մամուլում տարածված լուրերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անմիջապես իր քաղաքական շահերին ծառայող և իր ամբողջական վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություն ունենալ: Նույնիսկ նշվել են Հայաստանում մեդիաբիզնես վարելու փորձ ունեցող արտասահմանցի գործարարների անուններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել  «MO TV»   հեռուստաընկերությունը և այն վերածել վարչապետ Փաշինյանի քարոզչական գործիքի:

Սակայն,  առքուվաճառքի գործարքը չավարտած, մամուլում տեղեկատվություն է հայտնվել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) պատրաստվում է սանկցիաներ կիրառել «MO TV»  հեռուստաընկերության նկատմամբ՝ զրկելով հեռարձակման արտոնագրից, և այդ հաճախականության վրա նոր մրցույթ հայտարարել: Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի համար ստեղծվելիք հեռուստաընկերության գնորդները կարող են առանց «MO TV»-ին գնելու մասնակցել հաճախականության համար մրցույթին և առանց «MO TV»-ի սեփականատերերին վճարելու ձեռք բերել հեռարձակման արտոնագիր: Վտանգ կա, որ առքուվաճառքի շուրջ երկու մասնավոր տնտեսվարողների միջև ֆինանսական անհամաձայնության հարցը կարող է հանգուցալուծվել բիզնեսը խլելու եղանակով՝ պետական լծակների կիրառմամբ:

«Մեդիա պաշտպան»-ը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթի՝ պետական լծակների կիրառմամբ մեդիաբիզնես խլելու փորձի վրա: Միևնույն ժամանակ, «Մեդիա պաշտպան»-ն ամենայն ուշադրությամբ հետևելու է «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանն ու հանրությանն օպերատիվ կերպով ապահովելու է տեղեկատվությամբ: Խնդրի առնչությամբ առաջիկայում մենք պարզաբանումներ ենք խնդրելու «MO TV» հեռուստաընկերության սեփականատերերից, «MO TV»-ն ձեռք բերելու հավակնություններ ունեցող գործարարներից և ՀՌՀ-ից: Պարզաբանումները կտեղադրենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Այս թեմայով
am