«Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են փիլիսոփայորեն է հնչում». Փաշինյանը՝ փոխվարչապետին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր քննարկում ծավալվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Այն ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

«Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայումս հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս միջազգային կառույցների կողմից քննադատվել է»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

Մասնավորապես՝ խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության ժամանակ, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին:

«Հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավվել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, թե Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

«Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարը ընդունելի չէ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց քաղաքական որոշումը հստակ է՝ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու: «Սա մեր ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից է եւ սա մեր կարեւոր որոշումներից է»,-նշեց վարչապետը։

Նրա խոսքերով՝ ունեցել ենք դեպք, երբ իմացել են, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռքբերված գույքը վաճառքի են հանել և այդ գույքը ֆորմալ ձևակերպված է եղել ուրիշի անունով: «Ըստ էության, մենք իմացել ենք, որ այ, հիմա էդ բանը տեղի է ունենում, բայց էնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ մենք պետք է կամ կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կամ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ օրինագիծը կարող է նպաստել կանխիկ գործարքներին, ինչին հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ կանխիկ գումարը կարող են գտնել խուզարկությամբ։ «Եթե մենք օրենքով իրավասու ենք դոշակի տակ պահած փողը գտնել, ուրեմն պետք է համարժեք իրավասություն ունենանք նաեւ հաշվեհամարին պահած գումարը գտնենք»,-հայտարարեց վարչապետը։

«Այս ընթացակարգով մշակում ենք մի հատ ալգորիթմ, որով կարողանում ենք այդ բանկային գաղտնիքն ստանալ ոչ կասկածյալի կամ մեղադրյալի դեպքում։ Հիմա մենք կարող ենք խուզարկել ոչ կասկածյալին կամ մեղադրյալին՝ տեսնենք այդ գումարը կա, թե ոչ»,-եղավ փոխվարչապետի արձագանքը՝ նշելով, որ շատ նուրբ հարց է։

Հարցին միջամտեց նաեւ ՄԻՊ-ը՝ զուգահեռ անցկացնելով գաղտնալսման հետ։ ՄԻՊ-ը նշեց, որ փաստաբանները բարձրացրել էին հակասահմանադրականության հարց, երբ հեռախոսազրույցները գաղտնալսելիս մեխանիկորեն լսում ես նաև զրուցակցին։ «Չի կարող լինել խնդիր այդտեղ, որովհետև դու չես կարող կանխատեսել, թե այդ անձն օրվա մեջ ում հետ կխոսի»,-շեշտեց Թաթոյանը։ Նա միայն հավելեց, որ դա չի կարող վերածվել ինքնուրույն վերահսկողության այդ անձի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ, որովհետև այդ դեպքում կա պարտավորություն՝ լրացուցիչ դատական սանկցիա ստանալու և դա պետք է բարեխիղճ կատարվի։

«Գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ բարդ պրոցեսուալ գործընթաց»,-ասաց փոխվարչապետը, ինչին վարչապետի արձագանքը կարճ էր՝ «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են փիլիսոփայորեն է հնչում»։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս թեմայով
am