Դատաքննություն, որ չպետք է լիներ

Այսօր առաջին ատյանի դատարանում վերսկսվելու է «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների» անվանումը ստացած գործով դատաքննությունը: Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Սա մի դատավորություն է, որը տեսականորեն եւ ինչպես պնդում են բարձրակարգ մասնագետները, կարող է տեւել ոչ թե ամիսներ, այլ երկար տարիներ: Այս դատավարության հիմքում ծայրից ծայր մեկ հոգու դատարկ ցուցմունքների վրա կամ մի քանի դատարկ ցուցմունքների վրա «կարված» գործն է:

Այս դատավարությունը մեր երկրի ամոթն ու խայտառակությունն է: Սա մի դատավարություն է, որը չպետք է լիներ, որը չպետք է լինի: Այս դատավարությունը մեզ հետ է շպրտելու, այս դատավարությունը երկրում խրամատներ է առաջացնելու, բաժանանարար գծեր, մեծացնելու է թշնամանքը, խտացնելու է գաղջ մթնոլորտը:

Օր առաջ, ժամ առաջ պետք է ազատվել այս գործից, այս դատավարությունից: Սա է հուշում առողջ տրամաբանությունը, բայց, կարծես թե, իշխանություններն առաջնորդվում են այլ տրամաբանությամբ: Նրանց այս կարգի շոուներ են պետք է հանրութան առավել անկիրթ եւ միամիտ հատվածին որոշ ժամանակով դատարկ սառնարաններից եւ բանկային տոկոսներից, աղքատությունից շեղելու համար:

Ամեն ինչ պարզ եւ ակնհայտ է: Պարզ եւ ակնհայտ է նաեւ այն, որ այս դատավարությունը որեւէ կապ չունի 2008թ. մարտի 1-ի ընթացքում տեղի ունեցած արյունահեղության հետ, բայց իշխանություններին հավատարմությկան երդում տված լրատվամիջոցների եւ Հայաստանում ատելության մթնոլորտ տարածելու խնդիր դրածների ջանքերով կրկին փորձ է արվում հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե դատը զոհերին հայտնաբերելու համար է:

Մի կողմից ծայրից ծայր «կարված» գործ, մյուս կողմից կեղծ լրատվության տարածում եւ այս ամենին գումարենք սեւի եւ սպիտակի բաժանած հանրությունը: Երկիրը մտնում է այնտեղ, որտեղ չպետք է մտներ, որտեղից դուրս գալը խիստ վտանգավոր է լինելու:

Եւ այս ամենի կողքին դատախազության ակնհայտ ցինիկ վերաբերմունքն այս գործին, որը բխում է իշխանության վերին հատվածի գերցինիկությունից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշում կայացրեց, որից բխում էր, որ գոնե Ռոբերտ Քոչարյանը չպետք  կալանավորվի, բայց դատախազությունը հայտարարություն տարածեց, հասկացնելով, որ չի պատրաստվում առաջնորդվել ՍԴ որոշմամբ: Սա արդեն իրավական ահաբեկչություն է, իրավական այլանդակություն:

Նման մոտեցումը երկիրը տանում է դեպի քաոս, դեպի շատ սարսափելի մի տեղ, որից դուրս գալը շատ դժվար եւ ծանր է լինելու: Ճնշումները դատավորների եւ դատարանների վրա, ավելի ու ավելի է հուշում, որ գործ ունենք մի խայտառակ իրականության հետ, որի ճարտարապետները մի օր եւ շատ շուտով ամբողջ երկրին եւ հանրությանը ստիպված են լինելու բացատրել, թե ինչու երկիրը տարան այս մաշող, քայքայող եւ ոչնչացնող ճանապարհով:

Վարդան Մխիթարյան

Այս թեմայով
am